ՀԱՊԿ անդամ Ղազախստանը և Ադրբեջանը զարգացնում են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի և Ղազախստանի միջև 2023 թ. ռազմական համագործակցության շրջանակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այցելել է Ղազախստան։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ կայքին։

«Այցի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է Ղազախստանի Զինված ուժերի դաստիարակչական և գաղափարախոսական աշխատանքի դեպարտամենտի ղեկավարության հետ, ինչպես նաև քննարկել է գաղափարախոսական աշխատանքի կազմակերպման և ռազմական հոգեբանների պատրաստման հարցերը։ Ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը նման հանդիպումների միջոցով։

Ադրբեջանական պատվիրակությունը նաև ծանոթացել է Աստանայի Պաշտպանության ազգային համալսարանի դասավանդող և հոգեբան սպաների ուսումնական գործընթացին և այցելել է Ազգային ռազմահայրենասիրական կենտրոն և Ռազմապատմական թանգարան»,- նշվել է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ղազախստանը ՀԱՊԿ անդամ է։