Տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի․ Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից՝ «իդիոտկա» արտահայտության համար։
«Նախ ներողություն խնդրել չեմ պատրաստվում: Տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի և «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ՝ իր թերթի թղթակից և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես այդ նպատակներով։
Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն, մեր ցուցակ, առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շրխկացնելու համար, հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտները ստանալու և երևի հաջորդ ցուցակ անցնելու համար:
Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ ողջ պատերազմի ընթացքում լինելով խմբակցության անդամ, իսկ պարտությունից հետո դուրս է եկել խմբակցությունից ու հայտարարել, որ պատասխանատվությունը մերն է: Դրա համար թող ներողություն խնդրի»,- հայտարարեց Լենա Նազարյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը նրան անվանեց «իդիոտկա»։ Թագուհի Թովմասյանը պահանջել էր, որ Լենա Նազարյանը ամբիոնից ներողություն խնդրի իր լկտի վարքագծի համար։

