Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 մարդ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում մոտ 1100 բուժառու:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի, գումարային առումով փաստացի մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներ կան: Այս պահին 73-ը միացված են արհեստական շնչառության սարքերի»,-ասաց Թորոսյանը:
Անդրադառնալով հարցին, թե 14-օրյա բուժումից հետ ինչո՞ւ քաղաքացիներին դուրսգրումից առաջ չեն թեստավորում՝ նախարարն ասաց, որ նախ ոչ բոլոր դեպքերում է բուժումը տևում 14 օր: Լինում է ավելի կարճատև՝ 5-6 օր կամ ավելի երկարատև՝ ամիսներ տևող բուժում: Բայց եթե հիվանդը դուրս է գրվում, օրինակ, 14 օրը լրանալուց ավելի վաղ, այնուամենայնիվ, նրան ցուցվում է մինչև 14 օրվա ավարտը մնալ տանը:
Վերջնական բուժման փաստն արձանագրելու թեստավորման նպատակահարմարությունը բացատրվել և հանվել է: Բուժված լինելու փաստը արձանագրվում է ոչ թե թեստավորմամբ, այլ կլինիկական լավացմամբ:

