Արսեն Թորոսյանը թող ինքը սովորի կորոնավիրուսի հետ ապրել, եթե ուզում է, դրա ստեղծողների հետ խնջույք էլ կարող է անել

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանն օրերս հերթական անգամ ինքնաբացահայտվել է: Այս մարդը կամ մեր երկրի բնակչության դեմ ինչ-որ դավադրության մասնակից է, որի վերջնական նպատակը, ըստ երևույթին, բնակչության պարտադիր պատվաստումն է նոր կորոնավիրուսի (COVID-2019) դեմ, առնվազն այնպիսի պայմանների ստեղծումը, որ մարդիկ թեկուզ չուզենալով, հարկադրված լինեն գնալ պատվաստման, կամ էլ չունի շրջահայացություն և մասնագիտական այն գիտելիքները, կարողությունները, որոնք պետք է ունենա առողջապահության նախարարը:

Պատվաստանյութի ու պատվաստման թեման առանձին թեմա է, չխառնենք այս հրապարակմանը, ուղղակի քննության առնենք ՀՀ կառավարության նիստում Արսեն Թորոսյանի ասածը: Ահա թե այդ կապակցությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում ինչ է գրել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը.

«Ժողովուրդ, լսում ե՞ք, թե Կառավարության նիստին ինչ ա բարբաջում Առողջապահության նախարարի աթոռին նստած անձը: Ասում է՝ «մենք չպտի նպատակ դնենք մեր առաջ վարակակիրների թիվը հասցնել 0-ի, և 50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»…

Արա, լավ, ես չեմ հասկանում՝ էս անձնավորությունը ո՞ր օրգանով ա մտածում:

Ու հետաքրքիրն էն ա, որ ոչ մեկ ծպտուն չի հանում…

Դա նույնն է, որ, ասենք՝ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրնը հայտարարի, որ չպետք է ձգտել ՁԻԱՀ-ի (երկուսն էլ մահաբեր են) լիակատար բուժմանը, և միշտ պետք է զապաս պահել մի 50-ից 100 հիվանդ, կարող ա մի օր պետք գան…

Կարող ա՞ ցնորվելն այլ կերպ ա լինում…

Ո՞վ կբացատրի, սա ինչ ծաղր է ժողովրդի նկատմամբ»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով կոչվածում ինքնախոստովանական ցուցմունքի նման հայտարարեց, որ իրենց առջև խնդիր չեն դրել կանխել նոր կորոնավիրուսի մուտքը Հայաստան:

«Մենք պետք է խնդիր ձևակերպեինք, որ հանկարծ կորոնավիրուսը Հայաստան չմտնի՞…»,- ՀՀ Ազգային ժողովի մարտի 16-ի հատուկ նիստի ընթացքում, կարծես անմեղսունակի տպավորություն թողնելով (իրականում, կարծում եմ, միանգամայն մեղսունակ է), ասաց Փաշինյանը:

Հիշենք, որ Փաշինյանի սիրելի ու հովանավորած կադր Արսեն Թորոսյանը ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի հաստատումից 3 օր առաջ` փետրվարի 27-ին, հայտարարեց` «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»: Ընդամենը երեք շաբաթ չանցած, կառավարությունը ստիպված եղավ դիմել շատ հատուկ միջոցառումների:

Ինչպես հայտնի է, Հայաստանում մարտի 16-ից հայտարարվեց արտակարգ դրություն, որը յուրաքանչյուր ամիս երկարացվելով, շարունակվում է մինչև այժմ, սահմանված են մի շարք սահմանափակումներ, բնակչությունից պահանջվում է շնչադիմակներ գնել ու կրել, ինչը, ի դեպ, հեշտ չէ թե՛ ֆինանսական տեսակետից, թե՛ առողջական (մանավանդ, ամռան շոգին, և, նամանավա՛նդ, շնչառական կամ սրտանոթային համակարգի խնդիր ունեցողների համար), հակառակ պարագայում` շնչադիմակներ չկրողները կարող են զգալի տուգանքների ենթարկվել: Հայտնի սահմանափակումները, շնչադիմակներ պարտադիր կրելու պահանջը շատ հատուկ միջոցառումներ չե՞ն… Եվ եթե այդպիսին չեն, ապա որո՞նք են շատ հատուկ միջոցառումները…

Իսկ մինչ արտակարգ դրության հայտարարումը, ոչ միայն շատ հատուկ, այլև հատուկ միջոցառումներ չիրականացվեցին: Չիրականացվեցին, որովհետև Արսեն Թորոսյանի վերոնշյալ դիրքորոշումից բացի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին, երբ պաշտոնապես իրազեկվեց COVID-2019-ով Հայաստանում առաջին հիվանդի մասին, «դուխով» հայտարարեց` «Կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ-որ պրոբլեմներ առաջացնի»:

Նոր կորոնավիրուսի ներկայացրած վտանգի դեմ Արսեն Թորոսյանի, ՀՀ առողջապահության նախարարության, Նիկոլ Փաշինյանի այս հանցավոր անփութությունը, վտանգը թերագնահատելը և ժամանակին համապատասխան միջոցառումներ չձեռնարկելը հանգեցրեցին ոչ միայն նրան, որ նոր կորոնավիրուսով վարակված երիտասարդը Թեհրանից ինքնաթիռով եկավ Երևան և ինչ-որ մեկի ավտոմեքենայով կամ գուցե հենց տաքսով հանգիստ գնաց տուն… Դրանից հետո Իտալիայից եկած և ջերմություն ունեցող հայտնի կինը հենց օդանավակայանից կարանտինացվելու, մեկուսացվելու փոխարեն, բաց թողնվեց: Նա էլ գնաց վարսավիրանոց, խանութներ, մասնակցեց որդու նշանդրեքին ու վարակեց բազմաթիվ մարդկանց:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնողի, նախարարության, Փաշինյանի և կառավարության հանցավոր քաղաքականությունը հանգեցրեց նաև նրան, որ գոնե Իտալիայից և COVID-19-ով հիվանդների մեծ քանակ ունեցող այլ երկրներից օտարերկրացիների մուտքը Հայաստան ժամանակին չարգելվեց, եկածները, անկախ COVID-19-ի ախտանշանների առկայությունից կամ բացակայությունից, հենց օդանավակայանից չտեղափոխվեցին համապատասխան վայրեր ու գոնե 14 օրով չկարանտինացվեցին: Եվ հիշո՞ւմ եք, չէ՞, դրա հետևանքներից մեկը` նոր կորոնավիրուսով վարակված իտալացի մասնագետի գնալը «Երրորդ մասում» գտնվող Լֆիկի կարի արտադրամաս և այնտեղի բազմաթիվ աշխատակիցների վարակելը:

Ընդամենը մի քանի ամիս առաջ Հայաստանում 50-100 վարակակիր կար: Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը, օրինակ, մարտի 18-ին տեղեկացրեց, որ այդ օրը ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի հաստատված 84 դեպք կա, իսկ մահվան դեպքերի քանակի դիմաց նշված էր 0: Այսօր` օգոստոսի 15-ին, ժամը 11-ին նույն կենտրոնի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հայաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է արդեն 41 495-ի, մահվան, ընդհանուր առմամբ, 817 դեպք կա: Ընդգծենք, որ պաշտոնական թվերը հիվանդության ու մահվան դեպքերի իրական քանակներից դեռ պակաս են: Ահա թե մարտին երկրում եղած ըհդամենը մի քանի տասնյակի հասնող վարակակիրներն ինչպես կարողացան այլոց վարակելով, նրանք էլ իրենց հերթին վարակելով շատ ուրիշներին, COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը մեր երկրում հասցնել մի քանի տասնյակ հազարի: Որքա՞ն պետք է իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխան լինի առողջապահության նախարարը` այս պարզ ճշմարտությունը չգիտակցելու և հայտարարելու համար, որ «50-100 վարակակիր ունենալը պետք է համարենք նորմալ և սովորենք ապրել կորոնավիրուսի հետ»:

50-100 վարակակիր ունենալը նորմալ համարելու և կորոնավիրուսի հետ ապրել սովորելու կոչ անող Թորոսյանը թող ի՛նքը սովորի կորոնավիրուսի հետ ապրել, եթե ուզում է, դրա ստեղծողների հետ խնջույք էլ կարող է անել, ԱՆ նախարարի պաշտոնը զբաղեցնողը թող կորոնավիրուսի հետ ապրելն իր ընտանիքի անդամներին սովորեցնի (ի դեպ, վերջերս, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, նոր կորոնավիրուսով հիվանդացել են Արսեն Թորոսյանի ծնողները), մենք կորոնավիրուսի հետ ապրել, հետևաբար SARS-CoV-2-ի հետ ապրելը սովորել չենք ուզում (խոսքը, անշուշտ, չի վերաբերում անձնական հիգիենայի կանոնները չպահպանելուն):

Ի դեպ, Հնդկաստանում մարտի 19-ին COVID-19-ի հաստատված դեպքերի քանակն ընդամենը 169 էր, մինչդեռ ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի` COVID-19-ի առնչությամբ բացված և ողջ աշխարհի տվյալները ներկայացնող կայքում այսօր` օգոստոսի 15-ին, ժամը 14:27-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Հնդկաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 2 մլն 525 922-ի, արձանագրվել է COVID-19-ի հետևանքով մահվան  49 036 դեպք: Երկրում թեկուզ մի քանի տասնյակ վարակակիր ունենալը, ինչին դեմ չէ, նույնիսկ նորմալ է համարում Արսեն Թորոսյանը, կարող է հանգեցնել այսպիսի աղետի:

Արթուր Հովհաննիսյան