Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ այս շաբաթ կքննարկի իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի փաթեթը:

Նախագծի վերաբերյալ ուշագրավ առաջարկ է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որի համաձայն՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղիների, Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների, այդ թվում՝ վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեության բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթների, ամիսների և տարվա:

Ընդ որում՝ համայնքի ավագանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ: Իսկ սույն հոդվածով նախատեսված գոտիավորումը սահմանվել տարբեր գույների գծանշումով: Այնպես որ, օրենքի ընդունման դեպքում՝ ինչպես իշխանությունը խոստացել էր, չեն լինի կարմիր գծեր, բայց կլինեն գույնզգույն գծեր: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ իշխանության խոստումների կատարման մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: