Աշխարհիկ մարդու սրտի թագավորը փողն է ու դրա հանդեպ սերը, հավատավոր մարդու սրտի թագավորը Տերն է ու Նրա հանդեպ սերը

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՊԱՏԳԱՄ

Մեր փոքր եղած ժամանակ հեքեաթներ կարդում էինք, կամ մեզ պատմում էին թագաւորների ու իշխանների մասին, որոնք սիրում էին պատմութեան հերոսուհի աղջկան, ամուսնանում, ու երջանիկ էին ապրում դրամի, հարստութեան մէջ։

Մեր ժամանակների մի շարք աղջիկների ու մանկամարդ կանանց երազանքն է դառնալ նշանաւոր կին, թագաւորի իշխանազունի, դուքսի կամ բարձրագոյն դիրքի տէր մարդու կին, դերասան, երգչուհի, անուանի։ Դառնալ հարո՛ւստ, ուժե՛ղ, հզօր, մեծ, իշխանաւո՛ր, թագակի՛ր եւ վայելել կեանքի մեծադիր նիւթեղէն հաճոյքները։ Այդ նպատակին հասնելու համար ոմանք չեն խնայում ո՛չ ժամանակ, ո՛չ մարմին, ոչ նորաձեւութիւն, դիմայարդարում կամ ԱՅԼ յարդարում, ոչ էլ արժանապատւութիւն…, միայն թէ նրան սիրեն ու ընտրեն բոլորի միջից։

Աշխարհիկ մարդոց համար դա է ամէն բանը։ Իսկ հաւատքի մարդոց համար այդ բոլորը սնոտի ոչնչութիւն է։ Աշխարհիկ մարդու սրտի թագաւորը փողն է ու դրա հանդէպ սէրը, իսկ հաւատաւոր մարդու սրտի թագաւորը Տէրն է ու Նրա հանդէպ սէրը։

Բարոյազրկման այս դարուն, մարդկութիւնը չի ժպրհում ոչ մի բանի դիմաց հասնելու նիւթական իր երազանքներին։ Նիւթը խորապէս գերել է մարդոց հոգիները, մտքերն ու մարմինները։ Դարը արժէքազրկման դարն է, բարոյալքման դարն է։ Մարդիկ ամէն բանից առաջ իրենց գրպանի, դրամատան ու ունեցուածքի նիւթն են պաշտում։ Մարդկային կեանքը ոչինչ է դարձել արժեզրկուած այս դարուն երբ անաստուածն ու անբարոն արժէքներ են քարոզում ամենուրեք։

Ս. Կոյս Աստուածածինը որպէս մարդ խոնարհեցաւ առանց բարձրութիւն ակնկալելու։ Իսկ Աստուած ընտրեց ամենախոնարհը, ու նրան բարձրացուց դառնալու մարմնացեալ Որդւոյն մայրը, պատիւների պատիւը ու գահերի գահը։

Աստուած հետաքրքրուած չէ մեր արտաքին դրսեւորումներով, մեր նիւթական ունեցուածքով, մեր կատարած արտաքին բարեպաշտութեամբ, մեր արտաքին սովորոյթներով։ Աստուծոյ համար կարեւորը մեր սիրտն է, կեցուածքը, ընթացքը, մեր կեանքը։ Խոնարհութիւն ունե՞նք Աստուածածնի օրինակով, որն խոնարհեցաւ առանց ակնկալութեան, անտեսուեցաւ բոլորի կողմից մինչեւ իր ընտրութիւնը։

Աստուածածնի դասը ԽՈՆԱՐՀՈՒԹԵԱՆ դասն է։ Կանանցից առաջ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ խոնարհութեան..։ Քրիստոսի հետեւորդ լինելու պայմանը խոնարհութիւն հագնելը չէ, այլ մարմնաւորելը։ Ազգեր նրան ոչ թէ «երանի» են տալիս Մեսիային մայրը լինելու համար, այլ դրա սկզբնաւորութիւնը հանդիսացող խոնարհութեան համար։

Ոմանք փորձում են երկրի վրայ փառք շահել, փառք ու թագ ունենել։ Իսկ այդ խոնարհութեան աղբիւր Սրբուհի Կոյսը այսօր թագուհին է երկնքին ու յաւիտենականութեան։ Մարդիկ նայում են դրսին, իսկ Աստուած՝ սրտին..։

Փառասիրութիւնը կ՚իջեցնի ու կը խոնարհեցնի դէպի գերեզման, իսկ խոնարհութիւնը կը բարձրացնի դէպի երկինք եւ անմահութիւն։

Տ. Սերոբ Քահանայ +

Ամերիկաբնակ քահանա Սերոբ Ազարյանի ֆեյսբուքյան էջից

ԿԻՐԱԿՆՕՐԵԱՅ ՊԱՏԳԱՄՄեր փոքր եղած ժամանակ հեքեաթներ կարդում էինք, կամ մեզ պատմում էին թագաւորների ու իշխանների մասին,…

Опубликовано Serop Azarian Суббота, 15 августа 2020 г.