Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց. ԱՄՆ Պետդեպ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան՝ 2023 թվականի զեկույցում ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների և սպառնալիքների մասին ուշագրավ անդրադարձներ կան: Նկարագրված են կոռուպցիայի, դատական անկախության խոչընդոտների և իրավական այն փաստացի «բեսպրեդելի» մասին, որում գտնվում է Հայաստանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զեկույցում անդրադարձ կա նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի ապօրինի հեռացմանը այդ պաշտոնից: «Քաղաքական գործընթացին մասնակցելու ազատություն» բաժնում կարդում ենք. «Հուլիսի 11-ին խորհրդարանական մեծամասնությունը, «Ազգային ժողովի կանոնակարգի» համաձայն, քվեարկությամբ դադարեցրեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի լիազորությունները՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, այն հիմնավորմամբ, որ նա բացակայել էր Ազգային ժողովի խորհրդի (ղեկավար կոմիտեի) նիստերի գերակշիռ մասից։ Խորհրդարանական մեծամասնությունը նաև պնդում էր, որ ապրիլի 4-ին Թագուհի Թովմասյանը չի կասեցրել «ատելության խոսքը», երբ նրա նախագահած հանձնաժողովը քննարկել է Մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրված թեկնածությունները։

Թովմասյանը, ըստ հաղորդումների, Ազգային ժողովին նախապես տեղեկացրել է, որ վատառողջ լինելու պատճառով՝ հուլիսի 11-ի նիստին չի կարողանա ներկա գտնվել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը, այնուամենայնիվ, այդ օրը հարցը դրել է քվեարկության։ Պատգամավորը լիազորությունների դադարեցման հարցով դիմել է դատարան։ Մինչ լիազորությունների դադարեցումը Թովմասյանն ընդդիմության վերջին ներկայացուցիչն էր, որ Ազգային ժողովում ղեկավար պաշտոն էր զբաղեցնում, քանի որ հանձնաժողովների ընդդիմադիր նախագահների և Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի լիազորությունները, խորհրդարանական մեծամասնության քվեարկությամբ, ավելի վաղ դադարեցվել էին աշխատակարգի ու կանոնակարգերի խախտման պատճառով, իսկ որոշներն էլ հրաժարական էին տվել՝ ի նշան համերաշխության»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում