Ո՞ւմ հրամանով, ո՞ւմ որոշումով են այդ սյուները տեղադրվել․Արթուր Խաչատրյան

«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում և կոչվում է «պիլոտային սահմանազատում», իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է»,-ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։

«Գործընթացը առանց որևէ իրավական հիմնավորման սկսվեց Շուռնուխից, երբ տարածքները, որոնց վրա Հայաստանն ուներ տիտղոս, կային սեփականության վկայականներ՝ տրված հանուն Հայաստանի Հանրապետության, այսինքն ՀՀ անունից, առանց որևէ հիմնավորման տվեցին թշնամուն: Հիմա տեսնում ենք՝ Սյունիքում ինչ է կատարվում, ինչքանով է դժվարացել հաղորդակցությունը Իրանի և աշխարհի հետ:

Նույնը հիմա կատարվում է Տավուշում. որպեսզի դա կանխենք, մենք փորձ արեցինք, որ ԱԺ-ն ընդունի հայտարարություն և այդ հայտարարությունով կանոնակարգենք այն գործընթացը, որ այս իշխանությունները ոգևորության պահին կոչում են «սահմանազատում»: Ուզում էինք հասկանալ՝ ինչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը: Առաջարկեցինք իրավական բազա, առաջնորդվել իրավական փաստաթղթերով, լավագույն փորձով և վերջիվերջո անել այն, ինչ կառավարությունը խոստացավ, բայց հերթական անգամ դրժեց իր խոստումը»,- հայտարարեց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, այսօր սահմանազատումից բացի կառավարությունն իրականացնում է նաև սահմանագծում. «Փաստացի այնտեղ ինչ-որ սյուներ են տեղադրվել: Ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով, որոշումով է դա եղել: Սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը զուտ խորհրդատվական բնույթի մարմին է: Կարող է խորհուրդ տալ, ում է նա տվել այդ խորհուրդը, ինչպե՞ս է այդ որոշումը կայացվել»:

Նախագծի վերաբերյալ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կարծիքը ներկայացնելիս ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց. «Հանձնաժողովը քննարկել է Դաշնակցության և կայսրության համատեղ հայտարարության նախագիծը և մերժել այն, քանի որ ՀՀ-ն 29743 ք/կմ է և Դաշնակցության անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի, կամ առհասարակ Հայաստանի պետականության վերացման»։