Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Քրեական գործը քննվելու է Կոտայքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հովհաննես Ավագյանի։
Ըստ մեղադրանքի՝ Արա Մկրտչյանը, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչներին հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ:
Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։