Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին  տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Քրեական գործը քննվելու է Կոտայքի մարզի դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հովհաննես Ավագյանի։

Ըստ մեղադրանքի՝  Արա Մկրտչյանը, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, համայնքի բնակիչներին հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվերակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ:

Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։