Մենք ուզում ենք վերադառնալ Հադրութ․ հադրութցիները կդիմեն միջազգային կառույցներին

Երբ մենք Հայաստանի և Արցախի կառավարություններին ասացինք, որ բնակարաններն ապահովելու համար դիվերսիֆիկացված մոտեցում ցուցաբերեք, որ ով որտեղ ցանկանում է, այնտեղ տվեք, մեզ պատասխանեցին, որ դեմոգրաֆիական հարցեր լուծելու համար Արցախում ենք բնակարան կառուցելու, մանավանդ Հադրութի և Շուշիի շրջանի բնակիչների համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողներին հայտնեց «Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը:

«Մենք դեմ չենք դրան, բայց Արցախում դեմոգրաֆիական հարց լուծելու առումով այս 30 տարում վարել են սխալ քաղաքականություն, հիմա էլ են սխալ վարում: Մենք ունենք 30 տարի առաջ Արցախում կառուցված գյուղ՝ 14-15 բնակարան, որտեղ կառուցման օրից մինչև փախչելու օրը այդպես էլ ոչ մեկը չի մտել ապրելու: Դեմոգրաֆիական հարցը լուծելու համար պետք է  ստեղծել պայմաներ, դարձնել գրավիչ այդ վայրը,- ասաց նա՝ նշելով, որ փորձել են Արաքսի ափին բնակարաններ կառուցել, մինչդեռ բնակարանը տալիս էին, իսկ մարդկանց գործով չէին ապահովում: «Այս քաղաքականությունը այն ժամանակ էլ էր սխալ, հիմա էլ է սխալ: Ոչ մի մարդ, եթե չի ուզում վերադառնալ Արցախ, բնակարանի համար չի վերադառնալու»,-ասաց նա:

Հայրյանը հավելեց, որ իրենք շատ հետաքրքիր առաջարկներով են հանդես եկել, անգամ Արցախի կառավարությունն է շատ հետաքրքիր առաջարկ արել, բայց հետո չեղարկել են. «Որոշել էին, որ տալիս են բոլորին X գումար, իսկ ով Արցախ է վերադառնալու, X+10 գումար են տալիս: Մեր բնակչության մոտ 40 տոկոսն այսօր էլ սահմանամերձ տարածքներում է՝ Գորիս, Կապան, Տավուշ: Հետո կառավարությունը հրաժարվեց այդ տարբերակից: Երևի պատճառը շինարարության բիզնեսից օգուտներ քաղելն է»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մարդը վերադառնում է Արցախ, առաջին հերթին պետք է աշխատանքի հարցը լուծվի, նոր բնակարանի:

«Մենք նախորդ անգամ ասել ենք, որ եթե մեր պահանջներն անպատասխան մնան, դիմելու ենք միջազգային կառույցներին: Մենք այստեղից գնալու ենք, նամակ ենք հանձնելու ԱՄԿ-ի գրասենյակին, ապա նաև նամակ ենք հանձնելու Ֆրանսիայի դեսպանություն:

Նամակի բովանդակությունն այն է, որ Արցախի բնակիչներն իրավունք ունեն ապրել այնպես, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները: Համաշխարհային հանրությունն իրավունք չունի անտեսել մեր ապրելու իրավունքը: Նոյեմբերի 9-ի այդ կեղտոտ հայտարարությունը ստորագրողները նույնիսկ չեն ուզում պատասխանատվություն վերցնել իրենց ստորագրածի համար: Այնտեղ կա 7-րդ կետ, որտեղ գրված է տեղահանվածներին վերադարձնել իրենց բնակավայրեր և ապահովել:

Մենք ուզում ենք վերադառնալ Հադրութ: Եվ միջազգային հանրությունից մեր ակնկալիքն այն է, որ ապահովեն մեր հայրենիքում մեր կյանքն ապահովեն: Երկրորդ, եթե չեն կարողանում դա անել, պետք է խնդրենք միջազգային հանրությանը՝ ապահովել մեր բնականոն կյանքը: Եթե միջազգային հանրությունը չի կարողանում մեզ Արցախում տեղավորի, ապահովի, պաշտպանի, ապա մենք իրենցից խնդրելու ենք քաղաքական ապաստան»,-ընդգծեց նա: