Այդ հատվածի ջրային աղտոտում եթե տեղի ունենա, իրենց էլ վնաս կլինի․ Լևոն Ազիզյան

«Մենք ունենք մակերևութային ջրային ռեսուրսների պակաս, մասնավորապես, կապված Թուրքիայում ջրամբարաշինությամբ, Արաքս և Ախուրյան գետերի մակերևութային հոսքը բավական պակասել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանը։

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ Ախուրյանի ջրամբարում ունի 50 տոկոսից պակաս ցուցանիշ, իսկ անցած տարի մոտավորապես 80 տոկոս լցվածություն ուներ։

Պատերազմից հետո հայաստանյան ջրային ռեսուրսների անվտանգության հետ կապված հարցին Լևոն Ազիզյանը պատասխանեց, որ միակ խնդիրը բարձրաձայնել են, և այդ հարցով արդեն կառավարության որոշման նախագիծ է շրջանառվում, որպեսզի այդ հատվածի մոնիտորինգը հզորացվի. «Կապված է Քարվաճառի հատվածի հետ, որտեղից սկիզբ են առնում Սևան թափվող Մասրիկ գետը, Արծվանիստ գետը, ինչպես նաև Որոտան, Արփա գետերը և այդ հատվածում մոնիտորինգի սարքավորումներ ձեռք կբերվեն»:

Հարցին, թե թշնամու կողմից ջրային միջավայրի աղտոտման կամ թունավորման վտանգ տեսնո՞ւմ են, Լ. Ազիզյանը պատասխանեց․ «Այդ հատվածի ջրային աղտոտում եթե տեղի ունենա, իրենց էլ վնաս կլինի, որովհետև դա ջրբաժանային հատված է և այդ հատվածից հոսքի մի կողմն ուղղվում է Հայաստան, մյուս կողմը՝ Ադրբեջան: Պետք է մենք պատրաստ լինենք ամեն պահի, դրա համար զարգացնում ենք մոնիտորինգի համակարգը: Բայց չեմ կարծում, որ նման քայլի կդիմեն, քանի որ իրենց էլ է վնաս լինելու դա»։

Նրա կարծիքով, երրորդ երկրի ներկայությամբ պետք է վերցվեն ջրի նմուշներ, անկախ երկրում լաբորատոր ուսումնասիրություն կատարվի՝ ցույց տալու վիճակը, որպեսզի որևէ փոփոխության դեպքում բարձրաձայնվի այդ հարցը: