Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի վերաբերյալ ՌԴ-ի և ՀՀ-ի հաղորդագրություններում տարբերություններ կան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի և ՀՀ կառավարության մամուլի ծառայությունների հաղորդագրություններում տարբերություններ կան:

Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է․«Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 13-ին ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը շարունակվել է:

Հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ Վլադիմիր Պուտինը շեշտել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթները խստորեն պահելու անհրաժեշտությունն, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի խիստ պահպանման մասով:

Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու և Երևանի և Բաքվի հետ սերտ կապեր պահպանելու իր տրամադրվածությունը՝ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով Ռուսաստանի Նախագահին, հանդես է եկել կառուցողական երկխոսության և փոխգործակցության օգտին, որպեսզի բոլոր առաջացող խնդիրները լուծվեն բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով:

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի վերականգնման խնդիրներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներում հետագա շփումների մասին»:

Իսկ ահա ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է զրույցի իր տարբերակը:

«Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին տեղեկացրել է Սյունիքի մարզի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում առաջացած իրավիճակի մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ մայիսի 13-ին նա հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անընդունելի է համարել հետագա սրացումը և հույս է հայտնել, որ իրավիճակը շուտափույթ կկայունանա և անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն դրա համար՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի իրականացման համար: Ռուսական կողմը վերահաստատել է իր մտադրությունը շարունակել ակտիվ միջնորդական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանում կայունության ապահովման:

Զրուցակիցները համաձայնել են, որ ստեղծված իրավիճակից ելքը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի նախնական դիրքեր վերադարձով»: