Իրանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում խորհրդարանում մնացած 45 տեղի համար պայքարում է 90 թեկնածու։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Ընտրություններն անցկացվում են 22 ընտրատարածքներում, որտեղ թեկնածուներին չէր հաջողվել մեծամասնություն ստանալ մարտի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընտրատեղամասերի բացելուն պես քվեարկել է՝ հայտարարելով, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնքան կարևոր է, որքան առաջինը, և ընտրություն կատարելը բոլոր իրանցիների «ազգային պարտքն է»։

Ընտրությունների երկրորդ փուլն անցկացվում է 15 նահանգներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ պայքարում է 32 թեկնածու։

Մարտի 1-ին ընտրությունների ժամանակ Իրանի խորհրդարանի 290 տեղի համար պայքարել է ավելի քան 15 000 թեկնածու։