Բրյուսովի ռեկտորը փակել է համալսարանի դռները․ Պարոն Գյուրջինյան, իսկապես ամոթ է

Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը փակել է Բրյուսովի համալսարանի դռները և թույլ չի տալիս ուսանողներին դուրս գալ, միանալ շարժմանը։

Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը պատմեց, որ Դավիթ Գյուրջինյանն իր մտերիմն ընկերն է եղել, դասախոսը, ցավում է, որ այժմ նա այդպիսի քայլի է գնացել․ «Փաստորեն Դավիթ Գյուրջինյանը ինքն իր ինքնությանը ստել է, խաբել է, ես ամաչում եմ իր փոխարեն, ինքն ինձ մտերիմ ընկեր է եղել, իմ դասախոսն է եղել, երբ ես Ճեմարանի տեսուչն էի, մեծ արժեքներից է խոսել, հայրենասիրությունից է խոսել, Հայոց լեզվից է խոսել․ ահավասիկ գործնականում արտահայտվում է»։

Սրբազանը դիմեց նաև դասախոսներին․ «Բոլոր ստախոս դասախոսներին եմ ասում՝ ժողովուրդ ջան, ինչ դասավանդում եք, դրան տեր կանգնեք, ամոթ է, չեք կարող գնալ, ուսանողի դիմաց մեծ-մեծ խոսել, բայց կյանքում հակառակը լինել։ Ես ուսանողներին կոչ եմ անում, որ այդպիսի դասախոսներին թիկունքով դառնան, չլսեն նրանց։ Այդ մարդիկ չեն լինելու չափողը ոչ ձեր առաքինության, ոչ էլ ուսումնական առաջադիմության, ամոթ է։ Պարոն Գյուրջինյան, իսկապես ամոթ է։ «Էլեկտրիկ Երևանին» թաքուն գալիս մասնակցում էիք, երկիր եք կորցրել, ընդ որում դուք Տավուշից եք»։

Հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստվում են դռները կոտրել, Սրբազանն ասաց․ «Ոչ, ի՞նչ դռներ կոտրենք։ Այդ դռներն արդեն կոտրված են, որովհետև երեխաների հոգեբանությունն են կոտրել։ Էս մարդիկ այստեղ ո՞ւմ են պատրաստում, խամաճի՞կ, արժե՞ք են պատրաստում, ողորմելիների շա՞րք են պատրաստում»։

Նշենք, որ Հանրապետության հրապարակից դեպի բուհեր Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի մասնակիցների թիվը գնալով մեծանում է։ Տարբեր բուհերից ուսանողների նորանոր խմբեր են միանում Բագրատ Սրբազանին։ Մինչև այս պահն իրենք եղել են ԵՊՀ-ի, Պոլիտեխնիկի, Ագրարային համալսարանի, Կոնսերվատորիայի մոտ։

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր անհնազանդության ակցիաներ սկսելու մասին, կոչ էր արել դասադուլ և գործադուլ անել, իսկ այսօր՝ 18։30-ին կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում։ Միաժամանակ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները սկսում են վարչապետի իմպիչմենտի գործընթաց Ազգային ժողովում։