103 տարի առաջ այս օրը Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստան

103 տարի առաջ այս օրը՝ 1921 թվականի ապրիլի 27-ին, Տաթևի վանքում կայացած Համազանգեզուրյան երկրորդ համագումարում Սյունիքը հռչակվեց Լեռնահայաստան։ Սպարապետ Նժդեհը երկրամասի թվով 95 պատվիրակների կողմից ընտրվեց վարչապետ և արժանացավ «Խուստուփյան արծիվ» շքանշանի։

Լեռնահայաստանի հռչակումն ուներ երկու նպատակ․ դիմագրավել թյուրք֊ադրբեջանական հարձակմանը, ապա՝ քաղաքական ճնշման միջոցով ստիպել բոլշևիկյան իշխանությանը՝ ճանաչել երկրամասը Հայաստանի անքակտելի մաս։ Հենց այդ նպատակով էլ Սյունիքի կառավարությունը աշխույժ նամակագրական կապի մեջ էր Ալեքսանդր Մյասնիկյանի հետ, ով Նժդեհին բավարար երաշխիքներ էր ներկայացրել երկրամասը հայկական պահելու հնարավորության վերաբերյալ։

Լեռնահայաստանի հզոր դիմադրությունը կարմիրներին ստիպեց երաշխավորել, որ Սյունիքը ապագայում մնա Խորհրդային Հայաստանի կազմում, ուստի, ավելորդ զոհերից խուսափելու համար, Նժդեհը համաձայնեց անցնել Արաքս գետով դեպի Պարսկաստան: Փաստորեն, Լեռնահայաստանի պայքարը հասավ իր նպատակին․ Խորհրդային կառավարությունը ստիպված ճանաչեց Սյունիքը որպես Հայաստանի անբաժանելի մաս։

Լեռնահայաստանի ժողովրդի աննկուն կամքը, Նժդեհի առաջնորդական ձիրքն ու Մյասնիկյանի քաղաքական կշիռը, ի վերջո, «կարմիր» Մոսկվային հասկացրին, որ Սյունիքը միակ բուֆերն է Թուրքիայի և Խորհրդային Միության թյուրք ժողովուրդների միջև։

Թեև իր գոյության կարճատև ժամանակաշրջանին, Լեռնահայաստանի հռչակման և պայքարի խորհուրդը, այնուհանդերձ, արդիական է մինչ օրս՝ հետևյալ ասպեկտներով․

  1. Հայրենիքը բարձր է որևէ քաղաքական ու կուսակցական պատկանելությունից։ Հայրենիքի-պետության և հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու համար ցանկացած համագործակցություն ազգային նկարագիր ունեցող ուժերի հետ այժմեական է։ Հենց Լեռնահայաստանում ձևավորվեց և էմպիրիկ փորձության ենթարկվեց “Ազգ֊Բանակ” տեսլականը՝ ապացուցելով իր կենսունակությունը հայ ժողովրդի համար։
  2. «Վճռական մենակի» հոգեբանության ձևավորումը և ամրապնդումը հայ ժողովրդի գոյապահպանման համար մղված պայքարում կարելի է համարել ամենաէականն ու ամենակենսականը՝ գոնե վերջին 100 տարվա ընթացքում։ Լեռնահայաստանի ձևավորմամբ էլ ամբողջացավ և քաղաքական ու ռազմական դրսևորում ստացավ հռոմեական ստոիկներից սկզբնավարված այդ հոգեկան կենսակերպը։ «Վճռական մենակի» հոգեբանությունը ո՛չ միայն կարևոր էր Լեռնահայաստանի պայքարում, այլև՝ Արցախյան առաջին պատերազմում, և այն դեռևս պահպանում է իր կարևորությունը։
  3. Կենսունակ պետության կազմավորումը այն ազգային օրակարգն է, որին ծառայել են հայ ժողովրդի բոլոր նվիրական զավակները՝ Նժդեհից ու Մյասնիկյանից սկսած՝ մինչև Սերժ Սարգսյան։ Պատմական Հայաստանի այնպիսի տարածքներ, ինչպիսիք են, օրինակ՝ Սյունիքը, Արցախն ու Տավուշը, հայ ժողովրդի համար ոչ միայն հոգևոր, մշակութային, գիտակրթական անուրանալի նշանակություն ունեն, այլև Հայկական պետականության կենսատու զարկերակներն են։

Լեռնահայաստանի հռչակումը մեկ անգամ և՛ս հուշում է, որ Սյունիքը Հայաստանի Հանրապետության և, առհասարակ, հայության գոյության ողնաշարն է, տարածաշրջանի բանալին, պանթուրքական տանդեմի կոկորդում խրված ոսկորը, հետևաբար, որևէ զիջում, արտատարածքային միջանցքի մասին որևէ խոսույթ, Մեղրու և Սյունիքի պատկանելության որևէ սակարկում՝ անարգանք է Լեռնահայաստանի հռչակման խորհրդի, նրա պաշտպանների և Հայոց հավաքական գոյության հանդեպ։

 

Լևոն Նազարյան