Ալիևը մի ձեռքով «հարգում է» ֆաշիզմի դեմ հաղթանակը, մյուսով ոչնչացնում այդ հաղթանակին նվիրված հուշարձանները

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկինը՝ Մեհրիբան Ալիևան, «ֆաշիզմի դեմ հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ այցելել են Խորհրդային Միության կրկնակի հերոս Հազի Ասլանովի գերեզմանին»։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցները։

Կարճ հաղորդագրությանը կից ներկայացվող տեղեկագրում կարդում ենք, որ «ադրբեջանցի ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակում․․․ ռազմաճակատ է ճանապարհել իր 600 հազար որդիների ու դուստրերի, որոնցից 300 հազարը հերոսաբար զոհվել են մարտերում։ Արիության համար Ադրբեջանի ավելի քան 130 ներկայացուցիչներ արժանացել են Խորհդային Միության հերոսի կոչման»։

Բնականաբար, Ադրբեջանն այս թվերի մեջ ներառում է նաև տասնյակ հազարավոր հայերին, որոնք զորակոչվել են Արցախից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից։ Ի դեպ, Խորհրդային Ադրբեջանից ԽՍՀՄ կրկնակի հերոսի կոչման արժանացած 8 հոգուց 2-ը Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանն են։

Զավեշտ է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը մի կողմից «հարգում» է ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը, մյուս կողմից գրավված Արցախում համակարգված ոչնչացնում է այդ նույն հաղթանակի համար զոհված մարտիկներին նվիրված տասնյակ հուշարձաններ։

Թվարկենք ադրբեջանական վայրագության մի քանի օրինակ։ Մասնավորապես՝ Շուշիում ոչնչացվել է ծնունդով շուշեցի Նելսոն Ստեփանյանին նվիրված հուշարձանը։ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ոչնչացվել է Խորհրդային Միության մարշալ Արմենակ Խանփերյանցին նվիրված հուշարձանահամալիրը՝ կիսանդրին և մարտական ինքնաթիռը։ 2024 թ․ Ստեփանակերտում ոչնչացվել է ծովակալ Հովհաննես Իսակովի կիսանդրին։ Ինքնին, այս գործողությունները ֆաշիզմի ակնառու դրսևորումներ են»։