Բա Մումույին խեղդելու դա՞տը երբ է

Քիչ առաջ վերաքննիչ դատարանը մեղավոր չճանաչեց Նարեկ Մալյանին՝ ԱԺ դարպասների մոտ «Չաուշեսկուի գնդակահարությունը» պերֆորմանսի բեմականացման համար։ Այլապես, խիստ տրամաբանական հարց կառաջանար՝ ինչու ֆրանսիական արդարադատությունը չի դատում ռեժիսոր Վենսան դը Կուանտեին՝ «Չաուշեսկուի դատավարությունը» ֆիլմի համար, կամ, ինչի՞ ռումինները չեն դատում ռեժիսոր Անդրեյ Ուժիկեին՝ «Նիկոլաե Չաուշեսկուի ինքնակենսագրությունը» ֆիլմի համար, որին ռումինները մի քանի մրցանակ տվեցին։

Ի դեպ, Մոսկվայի դրամատիկական թատրոնում վերջերս մեծ անշլագով անցավ ռեժիսոր Վենիամին Ֆիլշտինսկու՝ «Մումուն»-ն, որն այն մասին էր, թե ինչպես մի տականք Գերասիմ ջրախեղդ արեց հարգարժան շան ձագ Մումուին։ Մինչդեռ, ոչ մեկի մտքով չանցավ դատել Վենիամինին, քանզի ոչ մի պաշտոնյա տվյալ պահին իրեն չնույնացրեց Մումուի հետ։

Հիմա տեսնես ո՞ւմ գենիալ ուղեղում է ծագել միտքը՝ Մալյան Նարեկին դատել Ռումինիայի նախագահ Նիկոլայի եւ նրա գեղցի կնոջ ոչ էսթետիկ մահվան տեսարանը պերֆորմանսով վերարտադրելու համար։

Ի վերջո՝ ո՞վ էր Չաուշեսկուն։ Ըստ ռումին ժողովրդի՝ դավաճան մի վիժվածք, որին գնդակահարեցին 1989 թվականի դեկտմեբերի 25-ին եւ առ այսօր ռումին ժողովուրդը ոչ մի պրետենզիա չունի գնդակահարության սույն ակտի հետ կապված։

Բայց, պարզվում է, Չաուշեսկուների գնդակահարությունը աննախադեպ ծանր է տարել հայաստանյան իրավապահ համակարգը, եւ բոլոր ատյաններով բողոքարկելով՝ կպած ուզում էին Մալյանին դատել։

Չստացվեց։ Նույնիսկ դատական նիստերին սոցցանցերում շատ ավելի հետաքրքիր նյութ փնտրող դատավորը հասկացավ, որ

աբսուրդն էլ կարմիր գծեր ունի։

Իսկ ընդհանրապես՝ Աշոտյանի եւ Մալյանի դատական նիստերը գրական-երգիծական-ուտոպիստա-քաղաքական պասկվիլներ են, որտեղ առնվազն ինտելեկտուալ դրայվը ապահովված է։ 

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից