Ալիևը ասում է «վերջնական մաքրում» կարգախոսը, և սա մնում է անհետևանք․ մարդու իրավունքները վտանգված են

ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը` Մարդու իրավունքների խորհրդում.

«Պարոն նախագահ, Երկու օր առաջ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում վառեց մեծ ծիսական խարույկ, որը պաշտոնապես անվանվեց «վերջնական մաքրում»:

«Վերջնական մաքրում» մի տարածաշրջանում, որտեղ, ըստ Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, հայ ազգաբնակչությունը գրեթե ամբողջությամբ լքեց իր նախնիների հողը «ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի, հայերի հանդեպ տևական ժամանակ սերմանվող ատելության, և ապագայում իրենց սպասվող վերաբերմունքի հանդեպ վստահության բացակայության հետևանքով»:

«Վերջնական մաքրում» իրականացվեց մի տարածաշրջանում, որտեղ, ըստ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի, հայերի համար «սեփական տները լքելը նրանց հասու միակ բանական տարբերակն էր», քանի որ «առկա էր սեփական կյանքի և ապագայի հանդեպ խորը արմատացած վախ, որի հիմքում էին նախկինում իրականացրած և անպատիժ մնացած դաժանությունները և ահաբեկման շարունակվող գործողությունները»:

«Վերջնական մաքրում» տեղի ունեցավ մի տարածաշրջանում, որտեղ, ըստ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քառասուն պետությունների կողմից հնչեցված համատեղ հայտարարության, «իրենց տներից հայերի զանգվածային տեղահանումը պայմանավորված էր Ադրբեջանի ռազմական գործողությամբ և ինն ամիս տևած Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ինչը հանգեցրեց ծանրագույն մարդասիրական ճգնաժամի»:

Երբ հնչեցվում է «վերջնական մաքրում» կարգախոսը, և դա մնում է անհետևանք, ապա դա նշանակում է, որ մարդու իրավունքները լրջորեն վտանգված են:

Շնորհակալություն»։