Յուրայիններ սորոսական Ս. Սուլթանյանն ու Ռ. Ավագյանը նույնիսկ 1 ժամով չեն ազատազրկվել․ Նարեկ Մալյան (տեսանյութ)
Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ելույթը դատարանում.
Հարգելի հանրություն, ինչպես տեղյակ եք, ինձ՝ որպես այս իշխանություններին անհարմարություններ պատճառած ընդդիմադիր գործչի, շուրջ կես տարի ապօրինի կալանավորել են և «դատում են» քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով: Ինձ մեղադրում են, որ ես, իբր, ատելություն եմ քարոզել բոլորի կողմից «սիրելի» իշխանության նկատմամբ: Ինձ կալանավորելու պաշտոնական հիմքն այն է, որ ազատության մեջ լինելով, կշարունակեմ քննադատել իշխանություններին:
Նախևառաջ, ցանկանում եմ հրապարակային պարզաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում 329-րդ հոդվածը, որը դարձել է այս իշխանության համար ընդդիմախոսներին, այլախոհներին լռեցնելու գործիք:
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ԵԽԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 (2012) բանաձևը, ըստ որի հստակ և միանշանակ տրվում է քաղաքական բանտարկյալի սահմանումը: Բանաձևում սևով սպիտակի վրա գրված է՝
ԵԽԽՎ-ն վերահաստատում է իր աջակցությունը հետևյալ չափորոշիչներին.
ազատությունից զրկված անձը պետք է համարվի քաղբանտարկյալ, եթե անձի ազատազրկումը խտրական է՝ համեմատած այլ անձանց հետ՝ պայմանավորված նրա քաղաքական հայացքներով (4-րդ կետ): Այս բանաձևին, ի թիվս այլ երկրների, միացել և կողմ է քվեարկել Հայաստանի Հանրապետությունը:
Ներկայացված լուսանկարներում Հայաստանում մինչ այսօր 329-րդ հոդվածով մեղադրված բոլոր անձիք են: Նրանցից երկուսը՝ սորոսական Սաշիկ Սուլթանյանը և հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանը, ով, ի դեպ, հրապարակում իշխանական ցույցի ժամանակ կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին, նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել:
Սաշիկ Սուլթանյանը նախաքննության և դատաքննության ընթացքում ոչ միայն կալանավորված չէր, այլ հանգիստ շրջագայում էր աշխարհով մեկ: Ի տարբերություն իշխանական գործիչների՝ լրիվ այլ մոտեցում է ընդդիմադիրների պարագայում:
Ես՝ Նարեկ Մալյանս, որ նույն հոդվածով եմ մեղադրվում, անհեթեթ պատճառաբանություններով շուրջ 6 ամիս կալանքի տակ եմ, իսկ նույն հոդվածով մեղադրվող բժիշկ-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին ոչ միայն կալանավորեցին, այլ նաև սպանեցին դատարանի դահլիճում:
Կալանավորվածների և չկալանավորվածների միակ տարբերությունն իրենց քաղաքական հայացքներն են:
Յուրայիններին ամենաթողություն, իսկ ընդդիմադիրներին՝ բանտ. սա այս իշխանության կարգախոսն է:
Ես նույնիսկ չեմ անդրադառնում իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին, ով հրապարակային սպառնում էր կտրել քաղաքական այլ հայացքներ ունեցող քաղաքացիների լեզուները: Չեմ ներկայացնում Անդրանիկ Դովլաթյանին, ով ատելության քարոզ է իրականացնում Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հետևորդների նկատմամբ: Չեմ ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, ով հարբած վիճակում հայտարարում էր, որ եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, այլախոհներին անվանում էր շնաբարո դուրսպրծուկներ և խոստանում էր փռել ասֆալտին և «բորդյուր կերցնել»:
Չեմ անդրադառնում, որովհետև այս և նման բազմաթիվ այլ դեպքերով քրեական գործեր նույնիսկ չեն հարուցվել: Գիտե՞ք՝ ինչու. որովհետև վերջիններս իշխանական քաղաքական հայացքների կրողն ու իրականացնողն են:
Հետևաբար, քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը վերածվել է ընդդիմադիրներին լռեցնելու, կալանքով պատժելու, այլախոհ քաղաքացիների շրջանում իշխանության նկատմամբ վախ տարածելու դասական ռեպրեսիվ գործիքի:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ես՝ Նարեկ Մալյանս.
- Հիշեցնում եմ, որ ըստ ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի թիվ 15 ընդհանուր քաղաքական հանձնարարականի, «Խիստ կարևոր է, որ ատելության խոսքի մասին օրենքները պետության կողմից չօգտագործվեն քաղաքական այլախոհությունը ճնշելու կամ ընդդիմությանը լռեցնելու համար»։
- Այս պահից սկսած՝ դատաքննության նույնիսկ այս փուլում արդեն հրապարակայնորեն ապացուցված և հաստատված եմ համարում իմ նկատմամբ քաղաքական հետապնդման և իմ քաղաքական բանտարկյալ լինելու փաստը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
- Այսուհետ որևէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության, հատկապես, որ արդեն այս փուլում կանխատեսելի է այս, այսպես կոչված, դատավարության ելքը և հանրությանը պարզ երևում է այս պրոցեսի քաղաքական պատվիրատուն և շահառուն:
- Քանի որ այս դահլիճում իրավաբանությունը տեղ չունի, այսուհետև «դատավարության» հետագա ընթացքում իմ վարքը, հայտարարությունները կլինեն բացառապես քաղաքական տիրույթում:
- Հաշվի առնելով վերոնշյալը՝ հրաժարվում եմ ինձ առաջադրված մեղադրանքի շրջանակներում ցուցմունք տալուց, քանի որ մինչ այս պահն իմ իրավունքների բազմաթիվ և առարկայական խախտումներով ընթացող գործընթացում իրավաբանությունն իր տեղը զիջել է քաղաքական հաշվեհարդարին:
- Իմ պաշտպաններին խնդրում եմ այս հայտարարությունը ուղարկել ԵԽԽՎ 1900 բանաձևին միացած երկրների ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին:
Շնորհակալություն
Հարգանքով՝ քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյան