Օրենսդրական փոփոխություններ կլինեն․ ՊԵԿ–ն ընդառաջ է գնում արտագնա աշխատանքի մեկնողներին

ՊԵԿ-ն ընդառաջ է գնում արտագնա աշխատանքի մեկնողներին` օրենսդրական փոփոխություններ կլինեն, այսօր լրագրողներին ասաց Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով, արտագնա աշխատողներին հարկելու մասին որոշումն ընդունվել է 2018 թվականից առաջ։

«ՊԵԿ-ը պարտավորություն է կրում իրականացնել հարկային վարչարարություն, Արդարության տեսանկյունից հարց է բարձրացվել, կարծում եմ`որոշակի եկամուտների տեսակների գծով կարող են կիրառվել արտոնություններ, որը ենթադրում է «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխություններ և այդ մասով ֆինանսների նախարարության հետ աշխատում ենք»,–ասաց նա։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկատեսակը եկամտային հարկ է, ՌԴ-ում կազմում է 13 տոկոս, Հայաստանում՝ 20 տոկոս, այսինքն՝ 7 տոկոսը պետք է վճարեն Հայաստանում։

Բադասյանը վստահեցրեց, որ ի սկզբանե պատրաստ են եղել ընդառաջ գնալ արտագնա աշխատանքի մեկնողների պահանջներին։

«Ուղղակի չէինք պլանավորել, որ արձագանքն այսպես էմոցիոնալ պետք է լինի», – նշեց նա։

Քանի դեռ վերջնական որոշում չի կայացվել, քաղաքացիների նկատմամբ գործողություններ չեն իրականացվի, օրինակ՝ հաշիվների արգելափակում։

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը: Նրանք բողոքում են ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով դրսում գրանցված աշխատանքային միգրանտները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։