Ռուսի ունիտազը մաքրելով՝ 300 հազար ռուբլի կառնեմ, շաբաթներով առանց լողանալու մնամ ու բերեմ իրենց տա՞մ․ Գեղարքունիքի բնակիչ

Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը։ Նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն Հայաստանում:

«Գյուղի 90 տոկոսը խոպանչի է։ Մարդկանց չեն բացատրել։ Մենք անակնկալ ստացել ենք ծանուցում։ Տույժն էլ հետն է եկել՝ 100 հազար դրամ»,-նշում է ակցիայի մասնակիցը։

Նրանք ասում են, որ միայն իրենց շրջան միլիարդավոր ռուբլի գումար է մտնում, եթե իրենք արտագնա աշխատանքի չգնային՝ «Նիկոլը որտեղի՞ց էր այդ գումարը տալու մեր ժողովրդին»։

Նրանք բողոքում են, որ ամեն ինչ միայն Երևանի համար են անում. «Մարզերը մոռացված են, չկա աշխատատեղ, գյուղատնտեսությունը մահացած է, արդյունաբերություն չկա, մարզերում միակ աշխատանքը արտագնա աշխատանքն է»։

«Ռուսի ունիտազը մաքրելով՝ 300 հազար ռուբլի կառնեմ, շաբաթներով առանց լողանալու մնամ ու բերեմ իրենց տա՞մ»,- ասում է ակցիայի մյուս մասնակիցը:

«44-օրյա պատերազմի մասնակից եմ։ Վիրավորվել եմ, ես իմ ջեբից բուժվել եմ, կիսատ մնաց բուժումս, փող չունեի։ Գնամ, հասնեմ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ մի հատ էլ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլը պետական սամալյոտով իր նաֆարի հետ թռնի Դուբայի, չգիտեմ ուր։
Այսքան մարդ Ռուսաստանի շնորհիվ է ապրում»,- ասում է ակցիայի մասնակիցը։

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ:

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %):