Ուզում ենք հանդիպեն մեկի, որը ոլորտից հասկանում է․ ձկնաբույծները կառավարության մոտ են

Ձկնաբույծները կրկին բողոքի են դուրս եկել։ Նրանք միակողմանի փակել էին Հրազդան մարզադաշտից Հաղթանակի կամուրջ տանող հատվածը և քայլերթով շարժվել են դեպի Կառավարության շենք՝ բողոքի ակցիան այդտեղ շարունակելու նպատակով։

Ձկնաբույծներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ 969 ապօրինի հոր կա և ջրային ռեսուրսները խնայելու համար նախ թող փակել դրանք։

«Կան տիրազուրկ հորեր, որոնցից վայրկյանում 7,000-10,000 լիտր ջուր է դուրս գալիս, եթե իրենք փակում են ամբողջ տիրազուրկ հորերը, մեզ փակելու խնդիր չկա։ Մենք չենք հրաժարվում, ասում ենք՝ եկեք փակենք, եթե ջուրը չի վերականգնվի, համաձայն ենք մերը փակելուն»,- նշեց նա։

Ձկնաբույծները նշեցին, որ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպմանը այդպես էլ ընդհանուր հայտարարի չեն եկել։

«Սիմիդյանը չէ որոշողը, նրա հետ հանդիպում չենք ուզում, ուզում ենք հանդիպենք մեկի, որը ոլորտից հասկանում է։ Փոխվարչապետի հետ ենք հանդիպում ուզում»,- հավելեց նա՝ նշելով, որ 1,5 մլն դրամի վարկ ունի, եթե նոր օրենքով աշխատի, սնանկացման եզրին կհայտնվի։

Հիշեցնենք՝ խորհրդարանում նոյեմբերի 22-ին վերջնական ընթերցմամբ ընդունվել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Օրինագիծը ներկայացնելիս Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: