Էստոնիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Այս մասին տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց նաև Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Նրանք առանձնակի ուշադրությամբ լսեցին էստոնացի միսիոներուհի Հեդվիգ Բյուլի հայանպաստ գործունեության մասին:

Վերջում շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր»,- ասված է հաղորդագրության մեջ: