Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու և խաղաղության կոչեր՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց (լուսանկարներ)

Այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։ Նրանք բարձրացրել էին պաստառներ, ուր գրված էին Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու և խաղաղության կոչեր։ Մասնավորապես, ցույցի մասնակիցները մտահոգված էին Պաղեստինում 5,500 անմեղ երեխաների սպանության փաստով։ Ընդ որում, պատերազմական գործողությունների արդյունքում այդ թիվ շարունակում է աճել։ Բարձրացված պաստառներից մեկի վրա գրված էր «Դադարեցրե՛ք պատերազմը Գազայում», իսկ մյուս պաստառի վրա նշված էր՝ «Մի օգտագործեք «երկակի ստանդարտներ» Մերձավոր Արևելքում»։ Դեսպանատան տարածքում ակցիայի մասնակիցներին միացան նաև անցորդներ, որոնց նույնպես մտահոգում են վերջին իրադարձությունների արդյունքում հատկապես խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի շարունակվող աճը։ Նրանցից ոմանք զուգահեռներ են հիշյալ դեպքերի և տեսնում Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների և հայերի զանգվածային բռնագաղթի միջև։ Որքան էլ տարբեր լինեն շարժառիթները և զինված հարձակման կազմակերպիչները, բոլորի համար այս ամենը գնահատվում է որպես մարդկության դեմ ոճիր, իսկ անմեղ զոհերը՝ ամենամեծ վնասը, որ կարող է հասցվել որևէ ժողովրդին և պետությանը։ Այս իմաստով շատ խոսուն է այն պաստառը, որի վրա գրված է «Մայրերը և երեխաները ազգություն չունեն»։ Խաղաղ ակցիայի մասնակիցները մտադիր են նման գործողություններ ծավալել նաև այլ դեսպանատների մոտ՝ զգոնության կոչ անելով տաբեր պետություններին և հորդորելով դադարեցնել պատերազմական գործողությունները Մերձավոր Արևելքում և մոլորակի մյուս անկյուններում։ Հատկանշական է, որ խաղաղ ցույցին չէին մասնակցում կուսակցական կամ քաղաքական գործիչներ։ Ավելին, կարելի է ասել, որ այն կրում էր ինքնաբուխ ակցիայի բնույթ, քանի որ ներկայացված էին Հայաստանի քաղաքացիական հասարակության տարբեր շերտեր և տարբեր տարիքի մարդիկ՝ սկսած երիտասարդներից ու միջին տարիքի քաղաքացիներից և վերջացրած մեծահասակներով։