Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի պահանջով ժամը 20։00-ին հեռացրեց արգելապատնեշները՝ թույլ տալով շարունակել երթը

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքը, և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հազարավոր մարդիկ հավաքվել են  այդ հատվածում, քանի որ օպերայի շենքում կազմակերպվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակցիայի մասնակիցները որոշեցին գնալ դեպի Սայաթ–Նովա պողոտա` Սուրբ Աննա եկեղեցու բակ, բայց ոստիկանները թույլ չտվեցին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Ազատության հրապարակում նախատեսված միջոցառումը, որի մասին հայտարարվել էր, որ տևելու է մինչև 20։00-ն, հարգելի պատճառներով երկարաձգվելու է մինչև 22։00–ն։

Բայց ոստիկանները 20։00-ին հանեցին Թումանյան փողոցում տեղադրված արգելապատնեշները, քաղաքացիներն էլ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» վանկարկումներով առաջ շարժվեցին։

Նրանք նաև սկսեցին վանկարկել «Նիկոլ, դավաճան», սակայն Բագրատ սրբազանը հորդորեց այլևս այդ անունը չհնչեցնել, ինչպես նաև առհասարակ բացասական արտահայտություններ չանել։

Շարժման մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ` օրն ամփոփելու։