Բագրատ սրբազանը ներկայացրեց մայիսի 16-ի ծրագրերը․ ակցիաները շարունակվելու են

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մայիսի 16–ի առավոտից կշարունակի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ դասադուլներ, փողոցների փակում և այլն: Այս մասին հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Վաղը, որքան հնարավոր է, պետք է շարունակվի ճանապարհներ փակելը, դասադուլները։ Պետք է հնարավորին չափով միանալ ակցիաներին»,– ասաց սրբազանը։

Նա հստակ ժամանակ չնշեց` ասելով, որ Telegram–յան ալիքներում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն։

«Ի դեպ, վաղը` ժամը 11։00-ին կառավարության նիստն է։ Արդեն երեք օր է՝ կառավարությունը չի աշխատում։ Ես քայլում եմ, դռները փակ են, իսկ պատուհանների վարագույրը` ծածկած։ Անհասկանալի իրավիճակ է։ Գառնիկը (Դանիելյան. խմբ) ասում է` իրենք էլ են դասադուլ անում»,– ասաց Բագրատ արքեպիսկոպոսը։