Շուտով Փաշինյանը թերևս կհայտարարի՝ բանակ ունենալը ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը

Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանի Հանրապետությունն այնպիսի ընթացք է ստացել, որ այսօր մեր թիվ մեկ մարտահրավերը երկրի, պետության անվտանգությունն ու անձեռնմխելիությունն են. մնացած ոչ պակաս կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտին, կրթությանը, գիտությանը և այլն, երկրորդական են դարձել, քանի որ ըստ էության մենք հայտնվել ենք լինել-չլինելու խնդրի առաջ: Իսկ նման դեպքերում մի փոր հացն ու կրթությունը, կարիերան, գիտությունը, աշխատանքն անկարևոր են դառնում, և առաջին պլան են մղվում լինելիության, գոյության պահպանման հարցերը: Այդ ժամանակ ամենաառանցքային կառույցը, որով պետությունը կարող է պաշտպանել իր լինելու իրավունքը, բանակն է, որը վերահսկում է պաշտպանության նախարարությունը: Հետևաբար երեկ, այսօր և վաղը մենք պետք է շեշտը դնենք բանակը հզորացնելու վրա, ուժեղ, լավ սպառազինված, ճիշտ կադրերով համալրված, պաշտպանունակ բանակ ունենալու վրա՝ համապատասխան ֆինանսական հատկացումներ անելով այդ կառույցին: Թե ինչպիսի բանակ ենք մենք ունեցել նախկին իշխանությունների օրոք, 44-օրյա պատերազմի և հետո էլ արցախյան սեպտեմբերյան պատերազմի պայմանավորված պարտությունից հետո, Ադրբեջանի կողմից վերցված ռազմական ավարն է փաստում՝ Հայաստանից,Արցախից միլիարդավոր դոլար արժողությամբ զենք է Ադրբեջանը «նվեր» ստացել ու ՀՀ իշխանություններին պարտադրել հանձնել: Եվ նկատենք, որ այդ զենքը Ալիևը չի ոչնչացրել, այլ համալրել է իր բանակը՝ գրեթե վերականգնելով 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցած ռազմական կորուստները: Այնինչ Փաշինյան Նիկոլը ընդդիմություն խաղալու ժամանակ ուշագնաց լինելու աստիճան բղավում էր, թե Հայաստանի իշխանությունները 2016 թվականին բանակը 1980-ական թվականների զենքով են զինել: Մինչդեռ դա Ալևին, պարզվեց, ամենևին չի մտահոգում, քանի որ նա լավ է հասկանում զենքի, սպառազինության հարգը և գիտի, որ ՀՀ նախկին իշխանությունների օրոք իր ռազմավարական դաշնակցից Հայաստանը բավականին որակյալ, այդ թվում ժամանակակից զենք, սպառազինություն ու ռազմական տեխնիկա է գնել ու նվեր ստացել: Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի կառավարության օրոք միայն 50 հազար տոննա զենք բանակը նվեր է ստացել Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանը նախ 200 մլն դոլարի վարկ է տրամադրել իր ռազմավարական գործընկեր Հայաստանին սպառազինություն՝ այդ թվում «Սմերչ» համակարգեր, Իսկանդեր ձեռք բերելու համար, այնուհետև 2018 թվականին ևս 100 մլն դրամ վարկ է տրամադրել մեր ռազմական կարիքների համար: Մինչև դա էլ հայկական բանակը պարբերաբար համալրվել է տարբեր տեսակի զենք ու զինամթերքով, սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, և այնպես չէր, որ 2016 թվականին պաշտպանության բանակը մերկ էր ու անպաշտպան: Անգամ իշխանության ուղղությամբ քարեր նետող այսօրվա իշխանականներն այդպես էլ չկարողացան ապացուցել, որ մեր տղաներն անպիտան զենքով ու բահով են կռվել քառօրյա պատերազմի ժամանակ կամ վառելիք չեն ունեցել ռազմական տեխնիկան շահագործելու համար: Այդ փուչիկը վաղուց է պայթել:

Եվ հիմա Փաշինյան Նիկոլը դեռևս իրեն հավատացող զանգվածի համար հերթական փուչիկն է փչում՝ հաջորդ տարվա բյուջեի մասին խոսելիս իբրև բանակի, երկրի պետականության հարգն իմացող, գնահատող և դրա համար պայքարող ղեկավար ներկայանալով: Թող որևէ մեկը չկասկածի՝ մոտ է այն օրը, երբ այդ սինլքորը կկանգնի և ի լուր հայ ժողովրդի կհայտարարի, թե բանակի գոյությունը վտանգ է Հայաստանի Հանրապետության գոյության համար, քանի որ թշնամուն գրգռում է ու մղում ագրեսիայի: Արդյո՞ք հենց այդ հռետորաբանությամբ քպ խմբակն ու իրենց պարագլուխը չհանձնեցին Արցախը ու հետո էլ Ալեն Սիմոնյան անունով ԱԺ նախագահը լրագրողների առաջ հայտարարեց, թե Արցախի պետական ինստիտուտների պահպանումը «ուղիղ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը», այդ հռետորաբանությամբ ռազմավարական դաշնակցային կապերը խզեցին Արցախի կործանարար պատերազմը կանգնեցրած և ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև Հայաստանի ու Արցախի անվտանգությունը հնարավորինս պահպանելու նախատրամադրվածությամբ միջնորդի դեր ստանձնած Ռուսաստանի Դաշնության հետ: Բայց մինչ այդ ամբոխին հավատացնում էին, թե Արցախը Հայաստան է ու վերջ, որ Ռուսաստանը միշտ շարունակելու է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Այո, իրենք այդպես են՝ սիրում են թիկունքից հարվածել, որովհետև վախենում են բաց ճակատով իրենց վախերի դեմ դուրս գալ: Հիմա նույն մեխանիզմը ՀՀ վարչապետի աթոռը զավթած «ժողովրդի զավակը» բանակի նկատմամբ է կիրառում՝ նախ ցույց է տալիս, թե իր համար կարևոր է բանակը, և իրենց խմբակը չի ափսոսում մեծ գումարներ հատկացնել այդ կառույցի զարգացման համար (մի ժամանակ էլ ելակով էին հայ զինվորի ստամոքսը կաշառում), հետո էլ մեզ համար մի դժբախտ օր բանակը ևս կհանձնի թշնամուն: Այդպես ՀՀ պետական բյուջեից նա վերջին անգամ նորից մեծ գումար հատկացրեց Արցախին ու գլուխը գովեց, թե երբևէ ՀՀ պետական բյուջեից այդքան ֆինանսական աջակցություն չի տրամադրվել Արցախի Հանրապետությանը:

Եվ հիմա էլ հայտարարում է, թե պաշտպանության նախարարությանը 2024 թվականին տրամադրվելիք գումարը զգալի ավելացրել են։ Փաշինյանի ներկայացմամբ,  այդ բյուջեն 125 տոկոսով ավելի է, քան 2018 թ․ ՊՆ-ին հատկացված բյուջեն: Խոսուն թիվ է, այնպես չէ՞, աչք ծակող: Փաշինյանը դրա հետ մեկտեղ բանակասեր ղեկավար է իրեն ներկայացրել՝ հայտնելով, թե իբրև իր համար պաշտպանական ծախսերն առանցքային են: Այդուհանդերձ, իր գործելաոճի համաձայն՝ նաև հիշեցրել է, որ ինքը Հայաստանը տանում է խաղաղության, հետևաբար բանակը իր համար ընդամենը, ինչպես ինքն է ասում, ցանկացած պետության «ատրիբուտ է», ինչպես զինանշանը, օրհներգը. «Պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերը էականորեն և առանցքային են, և մեզ համար առաջնային են մեր բանակի բարեփոխումները։ Պետք է ընդգծել, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է ու պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար»։ Փաշինյանը Հայաստանը համեմատում է ցանկացած պետության հետ, որը արտաքին սպառնալիքներ չունի և կարող է զուտ ձևի համար բանակ ունենալ՝ իբրև պետության ատրիբուտ: Նա չի կարևորում մեր արտաքին մարտահրավերները, թշնամիներով շրջապատված լինելը, հետևաբար չի էլ կարող մարտունակ, պատերազմների պատրաստ բանակ կառուցել, և նրա ֆինանսական օժանդակությունը պաշտպանության նախարարությանը թերևս միայն դիվիդենտներ հավաքելու միջոց է իրեն սատարողների աչքին:

Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտին բյուջեով հատկացված, այսպես ասած՝ էական հատկացումներին եկող տարվա համար, ապա դրա պատասխանը շատ լավ տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործով ընթացող դատական նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ: Նախագահը նախ ուշադրություն հրավիրեց որպես համեմատություն ընտրած տարեթվի վրա, ասելով, որ Փաշինյանը եկող տարվա պաշտպանական բյուջեն 2018 թվի հետ է համեմատում, քանի որ 2017 թվականին նախկին իշխանությունները շատ ավելի մեծ բյուջե են հատկացրել այդ նպատակի համար: Նման համեմատության դեպքում Փաշինյանը սևերես կմնար: Մյուս կողմից էլ, ըստ Սերժ Սարգսյանի, բյուջեի չափը հարաբերական է, քանի որ իրենց ժամանակներից ի վեր գնային զգալի փոփոխություներ են եղել նաև սպառազինության, զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի շուկայում՝ գնաճի տեսքով. «Մեծն ու փոքրը հարաբերական են: Պաշտպանությունը եթե այդ կոնկրետ բյուջեով կարողանում է ավելի շատ սպառազինություն ձեռք բերել, ավելի շատ գումարներ ծախսել զինամթերքի, ամրաշինական աշխատանքների վրա, բանակի ստորաբաժանումների, զինվորների, սպաների կենցաղը բարելավելու վրա, դա կարելի է համարել մեծ բյուջե: Ես մեկ օրինակ բերեմ, 2015-ին 122 մմ-անոց հրանոթի մեկ արկը գործարանային արտադրությամբ արժեր 600 դոլար, հիմա արժե 1800 դոլար: Հիմա մեծ ու փոքրն ինչպե՞ս իրար հետ համեմատել»: Ասել է թե բյուջեի 125 տոկոսանոց աճն էլ հարաբերական է, քանի որ դրան զուգահեռ չի ներկայացվում, թե քանի տոկոս թանկացում է եղել այդ շուկայում կամ ինչ գներով են այժմ ձեռք բերվում այն նույն զինատեսակները, տեխնիկան, որոնցով նախկինում համալրված էր մեր բանակը:

Չմոռանանք նաև, որ 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած ՀՀ սահմանային և Արցախի սեպտեմբերյան պատերազմներից հետո մեր բանակը, ինչպես նշեցինք, միլիարդավոր դոլարների կորուստներ է ունեցել սպառազինության, ռազմատեխնիկայի, զենքի տեսքով, թշնամու առաջխաղացման հետևանքով նաև ռազմական նոր կահավորման կարիք է առաջացել, քանի որ առաջնագիծը տեղաշարժվել է: Դա նշանակում է, որ մեր իշխանությունները եթե ոչ Նիկոլի սիրած արտահայտությամբ՝ զրոյական, ապա նախնական կետից պետք է սկսեն բանակը վերաշինելու գործընթացը, իսկ դրա համար հատկացվող բյուջեն չի կարելի համեմատել որևէ տարեթվի բյուջեի հետ, քանի որ նախկին իշխանությունների տարիներով գործադրած ջանքերի, դիվանագիտական կապերի ու ֆինանսական հատկացումների գնով էր ստեղծվել այն բանակը, որը տարածաշրջանում ամենահզորն էր համարվում:

Սերժ Սարգսյանը այդ օրը հիշեց, որ իրենք տասնամյակներով «փոքր բյուջեներով» կուտակել էին հսկայական քանակությամբ և սպառազինություն, և ռազմամթերք. «Այնքան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ միլիարդներով հանձնեցին Ադրբեջանին: Այսինքն պակասեց: Հիմա ինչքա՞ն պետք է լինի բյուջեն, որ գա հավասարվի մեր բանակի այն ժամանակվա կարիքների բավարարմանը:

Երեք տարում չկարողացան առաջնագիծ կահավորել: Եթե միայն այսօրվա բյուջեն, որ գոյություն ունի, ամբողջը ծախսեն առաջնագծի կահավորման վրա, հազիվ թե բավարարի»:

Երրորդ նախագահը հարցադրում արեց, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չի կարողացել մեկ մետր անգամ առաջ գալ Տավուշի հատվածում. «Շատ պարզ, որովհետև այդ հատվածը կահավորվել էր մեր ժամանակ և այնտեղ պաշտպանողական մարտեր մղելը շատ ավելի հարմար է, և շատ ավելի արդյունավետ, քան այնտեղ, որտեղ կահավորված չեն»:

Նախկին նախագահը ևս հիշատակեց հսկայական քանակությամբ ռազմօգնությունը, որն իրենց կառավարման տարիներին տալիս էր Ռուսաստանը. «Այդ տարեթվերին մենք ստանում էինք շատ մեծ չափերի ռազմատեխնիկական օժանդակություն: Այսինքն մեզ անվճար զենք-զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչն անվանեց մետաղի ջարդոն: Այդ «մետաղի ջարդոնը» այսօր մեծ հաջողությամբ Ուկրաինայում աշխատում է, և աշխատում է արդյունավետ»:

Քանի՞ տարի է անցել 44-օրյա ողբերգական պատերազմից, դրանից հետո ՀՀ իշխանությունները տարբեր պատրվակներով ու մեղադրանքներով հրաժարվեցին ռուսական ռազմական օգնությունից, բայց այլընտրանք այդպես էլ չառաջարկեցին մեզ, Արևմուտքը մի քանի անգամ ակնարկեց, որ ի տարբերություն Ուկրաինայի, Հայաստանին ռազմական օգնություն չեն տրամադրելու որևէ ձևով: Միայն Ֆրանսիան «մեծահոգի» գտնվեց և համաձայնեց Հայաստանին զենք վաճառել, այն էլ ոչ արտոնյալ գներով, ինչպես որ անում էր Ռուսաստանը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ ընտանիքի պետություն էր, և այդ կարգավիճակով օգտվում էր մի շարք առավելություններից ու արտոնություններից:

Թագուհի Ասլանյան