Ինչպես հանձնվեց Արցախը

2023թ․ նոյեմբերի 8-ին LIVEnews.am կայքի «Մտորենք միասին» հաղորդաշարի ընթացքում անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցը, պատասխանելով հարցին, թե ինչպես հանձնվեց Արցախը, արձագանքեց․

«Շատ հեշտ ու պրիմիտիվ։  Շահրամանյանն ասել է, որ Երևանում բոլորը, ովքեր դրա հետ կապված են եղել, տեղյակ էին, թե ինչ են ստիպում ստորագրել։ Ասել է չէ՞, որևէ մեկը հերքե՞լ է։ Շահրամանյանն էլի կես բերան է ասել, լրիվ չի ասել, բայց ասել է։ Նույնիսկ կարելի է կռահել՝ ինչ սպառնալիքի տակ՝ եթե չես ստորագրի, ոչ մի արցախցի Հայաստանի տարածք չի մտնի»։

Իսկ ի՞նչ էր ասել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում․

«Հայաստանը տեղյակ էր՝ Արցախը ինչ է ստորագրում, և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր․․․Այդ իրավիճակում այլ բան, քան գնալ զիջումների, անհնար էր։ Ադրբեջանցիների առաջին առաջարկները չենք ընդունել։ Այդ փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ էր»։

 Սամվել Շահրամանյանը հստակ ընդգծում է, որ իրենց հրամցվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ, որը մերժվել է, ի հեճուկս ՔՊ-ական պատգամավորի ԱԺ ամբիոնից հնչեցրած մեղադրանքների, թե բա կապիտուլյացիան դուք եք ստորագրել․

«2020 թվականի նոյեմբերին Հայաստանը կապիտուլյացիա չի ստորագրել, այլ 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը պատերազմի դադարեցման մասին թուղթ է ստորագրել՝ ՀՀ-ի համար վատ պայմաններով: Կապիտուլյացիան դուք եք ստորագրել»:

Նկատենք նաև, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն հերքել ԱՀ նախագահի պնդումները, այլև հրապարակավ չեն հակադրվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական (2023 թ․ սեպտեմբերի 19) գործողության մասին։

Բացի դրանից նկատենք նաև, որ Սամվել Շահրամանյանի ստորագրած համաձայնագիրը իրավական ուժ չունի և չի կարող լուծարել Արցախի Հանրապետությունը, ինչի մասին հոկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության դիմաց հավաքված արցախցիներին փաստեց նաև հենց ինքը՝ Արցախի նախագահը․

«Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. ոչ մի փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»։

Ի դեպ ներկայացուցչության մոտ տեղի ունեցած անկարգությունները, որոնք ըստ էության ուղղորդված էին, վկայում էին այն մասին, որ ՀՀ իշխանությունները փորձում են նոր մեղավորներ կարգել (արդեն ընդունված պրակտիկա է դարձել այս իշխանությունների մոտ մեղադրել բոլորին և ամենին․ սկզբում` նախկիններ, կորոնա, ռուսներ, հիմա էլ Արցախի իշխանություններ)։

Իսկ իրականում ինչպես և ով է հանձնել Արցախը

 Արցախի հանձնման վերջնական փուլի մեկնարկը տրվել է մայիսի 14-ին՝ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ, որից հետո ԵԽ նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարությունում նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:

 Միշելի հայտարարությունն ավելի ուշ կառավարության նիստում վերահաստատել է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով․ «Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86,6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ»:

Ինչ վերաբերում է արցախցիների իրավունքներին ու անվտանգությանը, ինչպես «կարևորում էր» վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը, ապա այս հարցն էլ վերջինիս հերթական կեղծ ու սուտ պնդումն էր, քանզի ադրբեջանական սեպտեմբերյան սպիտակ ցեղասպանության հետևանքով Արցախում գրեթե հայ չի մնացել՝ մեկ-երկու տասնյակ, հետևաբար ում իրավունքների ու անվտանգության հարցի շուրջ է Փաշինյանը քննարկումներ նախատեսում, հարցական է։

Արցախը վերջնական հայաթափելուց հետո Փաշինյանն այստեղ էլ կանգ չառավ և արդեն հոկտեմբերի 5-ին Գրանադայում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո միակողմանի (քանզի Իլհամ Ալիևը նույնիսկ չէր էլ բարեհաճել ժամանել) ստորագրեց հռչակագիր, որի համաձայն՝ «Հայաստանը հավատարիմ է մնում ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 800 կմ2) և Ադրբեջանի (86 600 կմ2) սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա»։

Ահա թե ինչպես հանձնվեց Արցախը, բայց, ավաղ, այսքանով էլ ողբերգություններն ու կորուստները չեն սահմանափակվում, քանզի Ադրբեջանի բռնապետը շարունակում է իր հոխորտանքներն ու առավելապաշտական նկրտումները (ինչը բնական է), իսկ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը ոչ միայն չի հակադրվում, այլև անձամբ է մանիպուլիատիվ մեթոդներով կասկածի տակ դնում անգամ ՀՀ պետականությունը՝ սկզբում թե՝ բա կադաստրի թուղթ չունենք, հիմա էլ ասում է՝ այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դետեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո. «Նրանք, որոնք այդ գագաթնաժողովի «կոնսեսնուս-1»-ին, ընդ որում «-1»-ը Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում ու ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Առնվազն 1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։ 1998 թվականի, 1999 թվականի, մասնավորապես, հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։

 Ժաննա Ծառուկյան 

#ԻնչպեսհանձնեցինԱրցախը