Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ-ի օրակարգից հանել օգնության մասին փաստաթուղթը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը խնդրել է ՀԱՊԿ գործընկերներին օրակարգից հանել երկրին օգնություն տրամադրելու մասին փաստաթուղթը։

Նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի կունենան ՀԱՊԿ պաշտպանության նախարարների, արտաքին գործերի խորհուրդների և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստերը, իսկ նոյեմբերի 23-ին՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին ավելի վաղ ասել էր, որ չի մասնակցելու գագաթնաժողովին։

Բելառուսի նախագահի աշխատակազմը հաղորդագրությամբ ներկայացրել է Տասմագամբետովի խոսքերը. «Ինչ վերաբերում է անցած տարվա նոյեմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման գործողությունների ծրագրի իրականացմանը, ապա 34 գործողություններից ավարտվել են 32-ը: Ցավոք, երկու գործողություն չկարողացանք ավարտին հասցնել։ Սրանք առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, և դա պայմանավորված է նրանց դիրքորոշումներով։

Իսկ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հրամանն է վերջնական տեսքի բերել Հայաստանին օգնության մասին որոշումը: Հայկական կողմը, չնայած մյուս  բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այս փաստաթղթի հանդեպ և ավելին՝ մեր աշխատանքի գրեթե վերջում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից»։