Ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի «դատավարությունը»

Բաքվում ավարտվել է Վագիֆ Խաչատրյանի «դատավարությունը», որը մեղադրվում է «ցեղասպանության» մեջ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ «վկան այսօրվա նիստում ցուցմունքներ է տվել, հետո գործի վերաբերյալ փաստաթղթերը հրապարակվել են»։

Այսօր ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ չի բացառվում, որ «դատախազը պատիժ պահանջի մեղադրյալի համար»։ 

Հիշեցնենք, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք են առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածների հատկանիշներով՝ ցեղասպանություն ու բռնի տեղահանում։ Բաքուն նրան մեղադրում է 1991 թվականի դեկտեմբերի 22-ին Մեշալի գյուղում «ցեղասպանության» իրականացման համար։ Շինծու գործով 59 «տուժող» են գտել, որոնք իբր ճանաչել են Վագիֆ Խաչատրյանին։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում հայտարարել է՝ չի ընդունում մեղադրանքը, չի մասնակցել ադրբեջանցիների նկատմամբ որևէ հանցագործության։