Մակրոնը Չինաստանի նախագահին հորդորել է Ուկրաինայի հարցում ազդել Ռուսաստանի վրա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի նախագահ Սի Ծինպինին հորդորել են ավելի հավասարակշռված առևտուր ապահովել Եվրոպայի հետ։

Ըստ  France 24-ի՝ Մակրոնը պնդել է, որ Չինաստանի առաջնորդն օգտագործի Ռուսաստանի վրա իր ազդեցությունը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ «Այսօր ԵՄ-ն ունի աշխարհի ամենաբաց շուկան, բայց ցանկանում ենք այն պաշտպանելու հնարավորություն ունենալ: Հատկապես երկխոսության և մեր թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ է, որ կարող ենք առաջ շարժվել»,- հայտարարել է Մակրոնը:

Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունն ի վիճակի չէ հաղթահարելու ԵՄ շուկան ողողած չինական արդյունաբերական ապրանքների զանգվածային գերարտադրությունը։

«Եվրոպան հետ չի կանգնի անխուսափելի կոշտ որոշումներից, որոնք ուղղված են պաշտպանելուն սեփական շուկան: Եվրոպայի և Չինաստանի միջև հարաբերություններին վնաս է հասցվում շուկաների նկատմամբ անհավասար հասանելությունը»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Սի Ծինպինն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանի հավելուրդային հզորության խնդիր գոյություն չունի՝ ո՛չ առավելությունների, ո՛չ էլ համաշխարհային պահանջարկի տեսանկյունից։

Նա կոչ է արել անկախություն դրսևորելու և կանխելու դաշինքների միջև նոր սառը պատերազմը։

Նշվում է, որ Չինաստանը Սի Ծինպինի այցի ընթացքում կարող է հայտարարել շուրջ 50 Airbus ինքնաթիռի պատվերի մասին։