Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին:  Այս մասին նշված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Սի Ծինփինի՝ Ֆրանսիա կատարած պետական այցի արդյունքներով, փոխանցում է rbc.ru-ն:

«Երկու պետությունների ղեկավարները կոչ են արել ստեղծելու կենսունակ, անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետություն 1967 թվականի սահմաններում», – նշված է հայտարարությունում։

Բացի այդ, Փարիզը և Պեկինը կարևոր խնդիր են համարում հրադադարը Մերձավոր Արևելքում և Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունը։

«Պետությունների ղեկավարներն ընդգծել են անհապաղ և տևական հրադադարի կարևորությունը, որն անհրաժեշտ է Գազայի հատված լայնածավալ մարդասիրական օգնության առաքման և քաղաքացիական անձանց պաշտպանության համար։ Նրանք կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր պատանդներին», – ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, Էմանուել Մակրոնը և Սի Ծինփինը դեմ են արտահայտվել Իսրայելի հարձակմանը Ռաֆահի դեմ, «որը կհանգեցնի հումանիտար աղետի և պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային տեղահանման»: