Ադանան, Ղարսը ձեր հայրենի՞քն է, Արցախը ձեր հայրենի՞քն է. Ալեն Սիմոնյանի հարցը լրագրողին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին կոչ է անում լծվել Հայաստանում խաղաղություն հաստատելու գործին։

«Ես ձեզ մի բան եմ ուզում խնդրել՝ այդպես բոլորով լծվեք ոչ թե այսօրվա իշխանություններին քննադատելու կամ որևիցե ձևով խանգարելու գործին, մենք մի օր գնալու ենք ընտրությունների միջոցով, այլ՝ Հայաստանում խաղաղություն հաստատելու գործին»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքով՝ խաղաղությունը պետք է բոլորին, մեր պետությանը։

Հարցին՝ ի՞նչ գնով՝ արձագանքեց. «Մենք արդեն բոլոր գները վճարել ենք, կարծում եմ՝ ավելի գին չպետք է վճարենք»։

Լրագրողի դիտարկմանը՝ հայրենիքի մի մասը թողնելով թշնամուն՝ մյուս մասում կարո՞ղ ենք խաղաղ ապրել՝ Սիմոնյանն ասաց, թե հայրենիք արտահայտությունը շատ վերացական է։

«Ադանան, Ղարսը ձեր հայրենի՞քն է, Արցախը ձեր հայրենի՞քն է։ Հիմա հարց եմ տալիս՝ Վանը, Մուշը, Էրզրումը մեր հայրենի՞քն են, թե՞ ոչ, պատասխանեք, ինչո՞ւ եք լռում»,- լրագրողին ասաց նա։