Որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն․ Բագրատ սրբազան

«Տավուշն հանուն հայրենիքի» շարժման անդամները Աբովյանում հանդիպել են Երևանից իրենց ընդառաջ եկած արցախցիներին ու Գյումրիից իրենց միացած շիրակցիներին։

Երթն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գաստնայանը Աբովյանում խոսք ուղղեց ժողովրդին։

«Այս ամբողջ ճանապարհը, որ քայլում էինք, մտածում էի՝ որքան երանելի պիտի լինեին այն երկրի ղեկավարները, որոնք ձեզ նման ժողովուրդ ունեն, որքան ուղղամիտ պիտի լինեին, որ ձեզ երբևէ խաբած չլինեին, այլ իրենց կյանքը լիներ ամբողջական ծառայություն, ստացածը՝ Հայրենիք և Պատիվ։

Մեր այս ամբողջ շարժումը, երթը, Տավուշի մեր սահմանապահ շրջանից սկսած, մեկ նպատակ ունի՝ հասնելու Ճշմարտության հաղթանակին։

Մեր երթը հենց այդ Ճշմարտության հաղթանակը կերտելն է, որպեսզի սուտը մշակույթ չդառնա մեր կյանում, մեր տներում չապրի, մեր դպրոցներում չապրի, մեր քաղաքներում ու գյուղերում չապրի, մեր կերակուրը չդառնա, այլ Ճշմարտությունը լինի մեզ առաջնորդողը։

Այս երթը նաև ինքնամաքրվելու առիթ է, ինքնամաքրվելու՝ մեղքից, սխալներից, անպատասխանատվությունից, թշնամությունից, ատելությունից, մեր բոլոր տեսակի թունվորումներից, որոնց մեջ և որոնցով մենք ապրում ենք այսօր։

Անժխտելի է, որ այդ միջավայրում ենք ապրում, այդպես ենք ապրում, և այս երթի նպատակն է, որպեսզի հաշտություն լինի մեր ժողովրդի բոլոր շետերի մեջ։

Եվ մեր փափագն ու ցանկությունն է, որ մենք հաշտություն ուենանք՝ որպես մեկ ազգ, որպես մեկ ժողովուրդ, հայրենատեր ժողովուրդ, կորուստներով ուղեկցվող, բայց տառապանքը դարձնող այն ցատկահարթակը, որը մեզ անընդհատ վեր կբարձրացնի։

Մեր տառապանքները չեն կարող մեզ կքեցնել, նվաստացնել, ստորացնել, ինչը որ փորձ է արվել մեզ վրա դնելու»։

Վաղը ժամը 11-ին երթի մասնակիցները կուղեվորվեն Երևան։
Նա աղոթքով եզրափակեց այսօրվա հավաքը։
Քիչ անց Աբովյանում կկայանա երիտասարդաց հավաքը։