Մետաղաձուլարանը կառուցվելու է հենց Երասխում, Արարատում էլ նոր գործարան է կառուցվելու

Մետաղաձուլարանը կառուցվելու է հենց Երասխում. Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։ Նրա խոսքով՝ Երասխում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի շինաշխատանքները թեև այս պահին դադարեցված են, բայց դրանք վերսկսվելու են։ «Երասխում ամեն ինչ այնպես է, ինչպես կար, շինաշխատանքները շարունակվելու են, ժամանակի հարց է»,- ասաց Հակոբյանը։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրենն ասաց, որ տեխնիկան Երասխում է, բայց այս պահին չի աշխատում, ուստի հակառակորդը չի կրակում։

Ի դեպ, Երասխում կառուցվող գործարանից հակառակորդի դիրքերն ընդամենը 400 մետր հեռավորության վրա են և տեխնիկայի շարժ նկատելուն պես գործարանն ու աշխատակիցները հայտնվում էին ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում։

Բաքուն անգամ շինաշխատանքներն անհապաղ դադարեցնելու կոչ էր արել հայկական կողմին։ Պաշտոնական Երևանը պատասխանել էր՝ շինաշխատանքները դադարեցնելու որևէ հիմք չկա, միևնույն ժամանակ պահանջելով Ադրբեջանից դադարեցնել անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։ «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ նոր գործարան է կառուցվում Արարատում։

Թե ինչ գործարանի մասին է խոսքը, շինաշխատանքներն արդյո՞ք արդեն մեկնարկել են, Հակոբյանն այս փուլում հրաժարվեց մանրամասնել։