Արայիկ Հարությունյանին Բաքվում սպառնում է ցմահ ազատազրկում

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել են Ադրբեջանի գլխավոր դատախազությունում և պետական անվտանգության ծառայությունում։

Նշվում է, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Արայիկ Հարությունյանին բերման է ենթարկել Ստեփանակերտում։ Ըստ աղբյուրի՝ նա մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի տասից ավելի հոդվածներով, առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին,  ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։ Նրանց չորս ամսով կալանավորել են։