ԱԺ հանձնաժողովը միաձայն ընդունեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին նախագիծը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում միաձայն ընդունվեց Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Նախագիծը կընդգրկվի խորհրդարանի առաջիկա նիստերի օրակարգում։

Նախագծի քննարկմանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այս փաստաթուղթը, ըստ էության, բխում է նաև ՀՀ Սահմանադրության նախաբանից, որտեղ հաստատում ենք մեր հավատարմությունը համամարդկային արժեքներին։

«Մեր տարածաշրջանում եզակի պետություններից, որոնք նույնիսկ չեն ստորագրել այս փաստաթուղթը, Ադրբեջանն է։

Սա մի փաստաթուղթ է, որի բոլոր վերլուծությունների մեջ հնարավոր չէ չտեսնել Հայաստան, հայ անունը։ Սա ոչ միայն իրավական, քաղաքական պարտավորություն է, իմ կարծիքով, սա նաև բարոյական  պարտականություն է վավերացնել մի փաստաթուղթ, որն իր արմատներով գալիս է հայ ժողովրդի ցավերից։

Գուցե այս հարցում շատ ավելի շուտ և շատ ավելի հստակ կողմնորոշվելը հնարավորություն կտար խուսափել որոշակի իրադարձություններից, որոնք վրա հասան»,- ասաց նա։

Հայաստանը ստորագրել է Հռոմի ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն չի վավերացրել այն։  2023 թ. մարտին ՀՀ Սահմանադրական դատարան ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան էր դիմել Կառավարությունը։ Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման:

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը միջազգային պայմանագիր է, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսումև ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից։

Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազգային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝

ցեղասպանություն
մարդկության դեմ հանցագործություններ
պատերազմական հանցագործություններ
ագրեսիա

ՀՀ կառավարության ներկայացրած նախագծում՝ Հռոմի ստատուտն ընդունելու որպես հիմնավորում նշվում է.

«Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և  դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի (այսուհետև՝ Դատարան) հիմնադրումը:

Կանոնադրության վավերացման և իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում, և որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ:

Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսևորած պահվածքից և կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր:

Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված և Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար»: