Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը «հարկ եղած դեպքում կկռվի եղունգներով»

Իսրայելական ուժերը մայիսի 9-ին ռմբակոծել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքը։ Միևնույն ժամանակ, Կահիրեում հրադադարի շուրջ ընթացող անուղղակի բանակցությունները դադարել են։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Իսրայելցի պաշտոնյան լրատվամիջոցին հայտնել է, որ Իսրայելը վերապահումներ ունի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջարկի վերաբերյալ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին արձագանքել է ԱՄՆ-ի կողմից զենքերի տրամադրումը դադարեցնելու նախազգուշացումներին։

«Եթե հարկ լինի, մենք կկռվենք մեր եղունգներով, բայց մենք ունենք ավելին, քան եղունգներ», – ասել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջին անգամ հրապարակավ Իսրայելին նախազգուշացրել է, որ Վաշինգտոնը կդադարի զենքերի մատակարարումը, եթե իսրայելական ուժերը ներխուժեն Ռաֆահ։ Սակայն այս նախազգուշացումն արդյունքներ չէր տվել, քանի որ մայիսի 9-ին իսրայելական տանկերն արդեն մոտեցել էին Ռաֆահի արևելյան արվարձաններին։ Իսկ մայիսի 7-ին իսրայելական տանկերը գրավել էին Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը։

Անցած շաբաթ Բայդենը ստորագրել է Իսրայելին 3500 ռումբերի մատակարարումը կասեցնելու հրաման, քանի որ Վաշինգտոնում կային մտավախություններ, որ դրանք կօգտագործվեն Ռաֆահում։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։

Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, գրեթե 35 000 պաղեստինցի է զոհվել, 80 000-ը՝ վիրավորվել։