Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են․ Սուրեն Պետրոսյան

«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդին»,- Հանրապետության հրապարակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ անդրադառնալով «Կամազ»-ի հետ կապված միջադեպին։

Նա հայտարարեց, որ Շարժման առաջնորդները բազմիցս ասել են, որ այս գործընթացն ամբողջությամբ հաշտության մասին է, և Շարժման կողմից անգամ տեսականորեն հնարավոր չէ բռնություն։

«Սադրանքներով ոչ մի տեղ չենք հասնի, դրանցով ավելի ենք խորացնելու այս պառակտումը»,- ասաց Պետրոսյան։

Անդրադառնալով գործընթացին, որ ՔՊ-ականները նախորդ օրվանից տարածում են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և մակագրում «Լեգիտիմ վարչապետ», Սուրեն Պետրոսյանն ասաց. «Ո՞րն է լեգիտիմ վարչապետը, երբ 140 հազար մարդ հրապարակում անվստահությո՞ւն է հայտնում իրեն։ Դա իրենց լեգիտիմ վարչապե՞տն է։ Մի գործընթաց է սկսել, որտեղ իշխանությունն այլևս փորձում է ինքն իրեն խաբել»,-ասաց Սուրեն Պետրոյանը։

Նա նաև հայտնեց, որ երեկվանից արդեն «Քաղաքացիական պայմանագրից» որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ շարժման հետ արդեն եղել են։

Պետրոսյանը հավելեց, որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են եղել իրենց հետ կոնտակտի դուրս եկածները։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում դասադուլ է, Դիլիջանում ևս միացել են դասադուլին։