Ազգովին խաչմերուկի վրա ենք կանգնել, և այս ամենից է պարզ լինելու ընդհանրապես հայ ժողովրդի ճակատագիրը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը  Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, ԱՀ ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն է։

«Իրավիճակը Արցախում ծանր է, և ոչ միայն էլեկտրաէներգիայի հետ կապված, երեկ օրինակ ժամը մինչև կեսգիշեր 3-4-ը հացի հերթում էինք, և սահմանափակ քանակությամբ էին հացը տալիս՝ ամենաշատը՝ 3 հաց։ Սա ևս մի կարևոր հանգամանք է, որը ցույց է տալիս իսկական իրավիճակը, որը մենք ունենք այս պահին Արցախում, – ներկայացնելով Արցախում տիրող ներկայիս դրությունը՝ շեշտեց Բաբայանը։

Խոսելով Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների մասին՝ նախագահի խորհրդականը վերահաստատեց Ստեփանակերտի պատրաստակամությունը բանակցություններ սկսել, բայց բանակցությունները չեն վարվում բանակցությունների համար, սա անլուրջ մոտեցում է, պետք է դրական տեղաշարժ արձանագրեն, Ադրբեջանի և մեր պատկերացումները բոլորովին տարբեր են։ Ադրբեջանցիների մոտ կա գերխնդիր, ինչի մասին երեկ Ալիևը հարցազրույցում ընդգծեց․ «շատ բաների մասին էր խոսում հարցազրույցում։ Գիտեք, ինքն ասում էր, որ իր կյանքի նպատակը պատերազմով հաղթելն է հայերին։ Դա և իր կյանքի նպատակն է, և քաղաքական առաքելության նպատակը», – հավելեց Բաբայանը՝ կարևորելով այն հանգամանքը, որ ոչ մի պարագայում չպետք է հանձնվել, ընդունել այդ նվաստացուցիչ պայմանը  և տրվել նրանց գերխնդրին, որն է՝ ապամոնտաժել Արցախի Հանրապետությունը։

Դավիթ Բաբայանը նաև ընդգծեց, որ եթե Արցախը հանձնվի, այլևս այլ գործընթացներ են տեղի ունենալու, հայ ազգը վերաֆորմատավորվելու է, այլևս չի լինելու հայ իր դասական առումով․«Մենք  որևէ մեկի չպետք է մեղադրենք, բացի ինքներս մեզնից։ Ադրբեջանը երբևիցե չի թաքցրել իր նպատակները, նա ազնիվ է եղել, ճիշտ է՝ վատն է, չար նպատակներ է մեզ համար, մեզ ոչնչացնելու նպատակ է, բայց չի թաքցրել, խնդիրը մենք ենք, մեր մեջ է, դրա համար շատ լուրջ, իսկապես խաչմերուկի վրա ենք կանգնել ազգովին, և նաև այս ամենից է լինելու պարզ, թե ընդհանրապես ինչ ճակատագիր է սպասում հայ ժողովրդին, և թե իրո՞ք գոյություն ունի հայ ժողովուրդը»։

Մանրամասները՝ տեսանյութում