Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է (տեսանյութ)

Արցախցի փոքրիկ Մարիայի մայրը՝ Ռուզաննա Հակոբյանը գրում է․ «Այսօր Մարիայի համբերությունը վերջնական հատեց, ստիպեց ինձ տանել Ստեփանակերտի դատարկ խանութները, որպեսզի իր աչքով տեսնի, որ մեր քաղաքում չկա ոչ մի հատիկ ո՛չ կոնֆետ, ո՛չ պաղպաղակ։ Տուն ենք եկել դատարկաձեռն՝ ես ամայացած սրտով, Մարիան՝ ամայացած երազանքներով։

Արցախի մայրերի համար հիմա ամենադժվարը երեխաների աչքերի մեջ նայելն է…»։

Ավելի ուշ Ռուզաննան մեկնաբանություն է թողել․ «Մարիան մանկահասակ աղջնակ է, նրա տարիքում աշխարհի բոլոր երեխաների համար քաղցրավենիքն է առաջնայինը․ այդ առումով նա բացառություն չէ։ Սակայն Մարիան, չնայած իր փոքր տարիքին, հասկանում է, որ Արցախը հայտնվել է ծանրագույն իրավիճակում, որի հետևանքը, մասնավորապես, քաղցրավենիքի (և ոչ միայն) բացակայությունն է։

Մարիայիս ցանկությունն է՝ իր ուրույն տեսլականով բոլորին ցույց տալ Արցախի աղետալի վիճակը, քանի որ, ի տարբերություն բազմաթիվ մեծահասակների՝ դստրիկս հստակ գիտակցում է, որ այն կացությունը, որը տիրում է Արցախում՝ թշնամու ցեղասպան ծրագրերի իրագործման հետևանքով է առաջացել։

Խնդրանքս առ աշխարհ՝ հանուն Մարիայի և Արցախի բոլոր երեխաների, բացե՛ք Կյանքի ճանապարհը, թույլ մի՛ տվեք Ադրբեջանին՝ հյուծել և հայաթափել Արցախը»։