Սահմանե՛ք պատժամիջոցներ այնպես, ինչպես կիրառում եք բոլոր ագրեսորների նկատմամբ․ Թագուհի Թովմասյանը ԱՄՆ դեսպանատան մոտ

Այսօր՝ հուլիսի 18-ին, հաջակցություն Արցախի բողոքի ակցիա անող քաղաքացիները Ֆրանսիայի դեսպանատան մոտից «Ոչ Արցախի շրջափակմանը», «Արցախը կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ» կոչերով ու պաստառներով մոտեցան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը։

Ակցիային մասնակցող ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ ինքը բազմաթիվ նամակներ է հղել դեսպանատուն՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվում, որ ունենք զոհեր, վիրավորներ, գյուղացին չի կարողանում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ։

«Ձեզանից խնդրում ենք և պահանջում, որ կիրառեք այն ստանդարտները, որոնք կիրառում եք ագրեսորների համար։ Ալիևի հանցախումբը սպանդ է իրականացնում Արցախում և այն իրագործում է ձեր և աշխարհի մյուս պետությունների լռության և անտարբերության ներքո։ Խնդրում ենք Ձեզ՝ տեր կանգնեք մարդկանց իրավունքներին»,- պահանջ հնչեցրեց պատգամավորը։

Թովմասյանը նկատեց, որ 21-րդ դարում մենք բախվել ենք նախնադարյան մի մարտահրավերի, որ չենք կարողանում ինքնուրույն լուծել։

«Մենք ակնկալում էինք ավելի մեծ պետությունների աջակցությունը, բայց այդ աջակցությունը կարող էր լինել միայն արդարության պահպանմամբ։ Մենք ուզում ենք, որ դուք սահմանեք պատժամիջոցներ այնպես, ինչպես կիրառում եք բոլոր ագրեսորների նկատմամբ։ Տե՛ր կանգնեք մարդկանց իրավունքներին, թող դրանք չմնան որպես դեկլարատիվ փաստաթուղթ։

Մենք պետք է բարձրաձայնենք արցախցու իրավունքի հարցը, մենք պետք է խոսենք ու աշխարհին հայտնենք՝ ինչ է կատարվում։ Արցախը չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը հայկական է։ Ու դա հայ ժողովրդի կամքն է»,- ընդգծեց նա։

Նշենք, որ երեկ էլ քաղաքացիները հավաքներ են իրականացրել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի և ՌԴ դեսպանատան առջև՝ փոխանցելով իրենց պահանջները։