Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Սիրիա մարդասիրական օգնություն մատակարարելու բանաձևի նախագծի վրա․ РИА Новости

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո է դրել Շվեյցարիայի և Բրազիլիայի բանաձևի նախագծի վրա, որով առաջարկվում է 9 ամսով երկարաձգել Թուրքիայի տարածքով Սիրիա մարդասիրական օգնության անդրսահմանային առաքման մեխանիզմը։ Այս մասին հայտնել է РИА Новости-ի թղթակիցը։

Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։

Սիրիա-թուրքական սահմանի Բաբ էլ-Հավա սահմանային անցակետով Սիրիա մարդասիրական օգնության անդրսահմանային առաքման մեխանիզմի ժամկետը սպառվել է հուլիսի 10-ին։ Բանաձևի նախագծում ասվում էր, որ Անվտանգության խորհուրդը որոշում է երկարաձգել Բաբ էլ-Հավա անցակետի գործունեությունն «ինն ամսով, այսինքն՝ մինչեւ 2024 թվականի ապրիլի 10-ը»։

Մինչդեռ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել բանաձևի իր նախագիծը, որով առաջարկում է 6 ամսով երկարաձգել այս սահմանային անցակետի աշխատանքը։

Հարևան երկրներից (հիմնականում Թուրքիայի հետ սահմանով) մարդասիրական և բժշկական պարագաների պարզեցված առաքման ռեժիմը գործում է 2014 թվականից։ Այս մեխանիզմը թարմացվում է ամեն տարի։ Իր շրջանակներում ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն ու նրանց գործընկերները սկզբում իրավունք ունեին օգտագործելու երթուղիներ առճակատման գծերով ու չորս սահմանային անցակետերով՝ Բաբ էս-Սալամ և Բաբ ալ-Հավա (երկուսն էլ՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանին), Ալ-Յարուբիյա ( Իրաքի հետ սահմանին) և «Ալ Ռամթա» (Հորդանանի հետ սահմանին):