Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք

Մայիսի 9-ին, ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համազգային հանրահավաք։

Այսօր, 13:00-ին քայլերթը Չարենցավանից կշարժվի, ժամը 18:00 կհասնի Երևան գրությամբ կարմիր տուֆից հուշարձանի մոտ (Երևանի հյուսիսային մուտք)։ Հարակից տարածքում կկայանա «Հանուն ճշմարտության» խորագրով երիտասարդական հավաք` Բագրատ Սրբազանի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով սկսել են շարժվել Երևան։ Նրանք Երևան կհասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Բացի տավուշցիներից, երթին միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, մտավորականներ, քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ, ընդդիմադիր գործիչներ, զոհված զինծառայողների հարազատներ։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի օրհնությամբ այսօր դեպի Աբովյան են շարժվում «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները՝ միանալու Տավուշից սկիզբ առած երթին։