Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազայի հարավային սահմանին տեղակայված իսրայելական զորքերին այցելելով երդվել է, որ Ռաֆահում գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի ոչնչացվելը կամ առաջին պատանդն Իսրայելին վերադարձնելը, հայտնել է Times of Israel-ը:

«Մարդասպանները թափանցել էին Ռաֆահի շրջանից և ուղղվել Սուֆա, Խոլիտ՝ փորձելով հարձակվել Յատեդի, Յեվուլի, Նավեի և այլ վայրերի վրա: Մենք հարձակվում և սպանում ենք նրանց, ովքեր սպանել են մեր զավակներին, և սա պետք է լավ հիշել»,- շեշտել է Գալանտը:

«Նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերին հրամայեցի մտնել Ռաֆահի շրջան, գրավել անցակետն ու կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Այս գործողությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չենք ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը Ռաֆահի շրջանում և ամբողջ Գազայի հատվածում կամ մինչև առաջին պատանդի վերադարձը»,- ասել է նա։

Ըստ Գալանտի՝ Իսրայելը պատանդներին ազատելու համար պատրաստ է փոխզիջումների գնալու, սակայն եթե դա հնարավոր չլինի, կխորացնեն գործողությունը, դա տեղի կունենա Գազայի ամբողջ հատվածում՝ հարավում, կենտրոնում և հյուսիսում։ «ՀԱՄԱՍ-ում հասկանում են միայն ուժի լեզուն, ուստի կուժեղացնենք մեր գործողությունները, և ռազմական ճնշումը կհանգեցնի նրան, որ լիովին ջախջախենք ՀԱՄԱՍ կազմակերպությանը»,- հավելել է Իսրայելի պաշտպանության նախարարը: