Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. Շիրակի թեմի առաջնորդ

«Թող կանչեն, ինձ էլ թող կանչեն, մեր երկրի ազգային անվտանգությունն է. Ենթադրում եմ, երևի իր վերջին արտահայտությունների հետ է կապված»,- լրագրողների հետ զրույցում ասաց  Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են հիմա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կանչել ԱԱԾ։

Դիտարկման, թե ինքն ավելի վտանգավոր հայտարարություններ է արել, Միքայել Սրբազանը կատակով արձագանքեց. «Արշակ Սրբազանն ավելի խոշոր է, ֆիզիկապես հաղթանդամ է, երևի ավելի վտանգ է ներկայացնում»։

Նա նշեց, որ եկեղեցուն հաղթել հնարավոր չէ. «Հնարավոր է եկեղեցականների ֆիզիկական ոչնչացման ճանապարհով մի որոշ ժամանակահատված դադարեցնի իր գործունեությունը, ինչպես եղել է սովետական տարիներին։ Միայն այդպես է հնարավոր, այլ ձևով հնարավոր չէ։ Գաղափարական պայքարում եկեղեցուն հաղթել հնարավոր չէ»։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի օրհնությամբ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները երթով շարժվում են Աբովյան քաղաք` միանալու Տավուշից սկիզբ առած երթին։