Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում ոստիկանությունը փաստաբան ծեծելու արտոնություն ունի

Այսօր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները քայլերթ էին նախաձեռնել դեպի ՆԳ նախարարություն՝ պահանջելու ոստիկանության ղեկավար Արամ Հովհաննիսյանի հրաժարականը։ Ըստ փաստաբանների՝ նա աչք է փակել իր համակարգում աշխատող ոստիկանների կամայականությունների ու հանցանքի վրա՝ թույլ տալով, որ նրանք շարունակեն պաշտոնավարել։ Իսկ դա այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, քան հովանավորչության դրսևորում ոստիկանապետի կողմից։ Փաստաբանների նկատմամբ բռնություն կատարած ոստիկանության ծառայողների լիազորությունները չդադարեցնելու պատասխանատվությունը, փաստաբանների համոզմամբ, 2023 թվականի հունվարի 9-ից ոստիկանության պետի պաշտոնը ստանձնած Արամ Հովհաննիսյանի վրա է։

Ովքեր տեղյակ չեն մանրամասներից, հայտնենք, որ փաստաբանների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ոտնձգության վերջին դեպքը մեկ ամիս առաջ է եղել՝ հունիսի 9-ին։ Տուժողը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Ալավերդյանն է, որին ոստիկանության բաժնում ծեծի են ենթարկել իր մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ։ Ինչպես դեպքից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Արա Զոհրաբյանը, Կարեն Ալավերդյանին փորձել են խոշտանգել այն պահին, երբ նա ստիպված է եղել օրենքի շրջանակներում օգնության հասնել իր վստահորդին, որին ոստիկանները ձեռնաշղթաներով ձեռքերը մեջքին ֆիքսած որովայնի վրա պառկեցրել էին գետնին և պատրաստվում էին ծեծել։ Դուռը բացելով և այդ տեսարանը նկատելով՝ փաստաբանը ներս է մտել և փորձել իր պաշտպանյալին իրավական օգնություն ցույց տալ։ Եվ այդ ժամանակ հարվածները նրա վրա են տեղացել։ Ծեծելուց հետո խուզարկել են նրան՝ խախտելով օրենքը, ձեռնաշղթաներ հագցրել, որից հետո արցունքաբեր գազ են կիրառել։

Ավելի վաղ՝ փետրվարին, ոստիկանության բաժանմունքում արդեն իսկ նման դեպք գրանցվել էր, երբ ոստիկանության աշխատակիցները բռնություն էին գործադրել անմեղ փաստաբանների նկատմամբ, երբ նրանք նորից փորձել էին իրենց անչափահաս վստահորդի շահերը պաշտպանել և մասնագիտական օգնություն ցուցաբերել։ Այդ ժամանակ ոստիկանության Էրեբունու բաժանմունքի ծառայողների անօրինական վարքի հետևանքով տուժել էին փաստաբաններ Էմմանուել Անանյանը ու Մարզպետ Ավագյանը։

Հինգ ամսվա ընթացքում ոստիկանների կողմից ծեծի է ենթարկվել երեք փաստաբան՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս։ Սա աղաղակող ցուցանիշ է, քանի որ, ինչպես հենց այս իշխանությունների ջատագով ու նրանց աջակցող կազմակերպություններն են անգամ նկատում, անպատժելիության մթնոլորտում նման հանցանքների թիվը կտրուկ ավելացել է։

Հենց փաշինյանական հանցախմբի սիրելի հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի (տխրահռչակ Սաքունցի ղեկավարմամբ) տվյալներով՝ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է մարդու իրավունքների խախտման 199 դեպք։ Նախորդ տարվա համեմատությամբ դեպքերի թիվն աճել է 20․1 %-ով (կամ 40 դեպքով), իսկ հետհեղափոխական 2019-ի համեմատությամբ՝ 54․8 %-ով (կամ 109 դեպքով)։

Ոստիկանության ծառայողների կողմից հավաքների, բողոքի ցույցերի մասնակիցների մարդու իրավունքների խախտման դեպքերի թիվը 2021 թ.-ի համեմատ 2022 թ․-ին  աճել է 47․8 %-ով (կամ 94 դեպքով), իսկ 2019 թ․-ի համեմատությամբ՝ 72․8 %-ով (կամ 131 դեպքով)։

Նշվում է, որ 2022-ը աննախադեպ էր անչափահասների նկատմամբ ոստիկանության անօրինական ու անհամաչափ գործողությունների տեսանկյունից։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել նույնիսկ այն դեպքում, երբ նրանք փաստացի գտնվել են ոստիկանության ծառայողների «ձեռքերում» և որևէ դիմադրություն ցույց տալ չէին կարող։

«Այսպիսով, 2022 թ․ ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը կրկնակի անգամ, իսկ հավաքների ընթացքում՝ ավելի քան երեք անգամ գերազանցել են հետհեղափոխական ամենացածր ցուցանիշը», -եզրակացրել է ՀՔԱՎ-ը:

Սա էլ հո իշխանական լյուբիմչիկներն են արձանագրել։ Ի դեպ, հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը միակը չէ, որ նման տխուր արձանագրում է արել։ Ոստիկանական համակարգում մոտեցումների փոփոխության, իրականացվող բարեփոխումների մասին իշխանության ամենաբարձր օղակներից արվող ամպագոռգոռ հայտարարություններին զուգահեռ քաղհասարակության տարբեր ներկայացուցիչներ պնդում են՝ Հայաստանում քաղաքացիների նկատմամբ ոստիկանական բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների անհամաչափ սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլև նման դեպքերը 2022-ին շեշտակի աճել են։

Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը տևական ժամանակ ոստիկանության բարեփոխումների խորհրդի անդամ էր, ևս վրդովված է նման դեպքերի ահագնացող թվերից։ Նա վստահեցրել է, որ նման դեպք չի հիշում, երբ ոստիկանության աշխատակիցները խաղաղ փաստաբաների ծեծեին ու խոշտանգեին և դրա համար ոչ թե պատժվեն, այլ խրախուսվեն։ «Ոստիկանության բարեփոխումները, ըստ էության, միայն պարեկային ծառայությանն են հասել։ Եվ ոստիկանության մյուս ծառայությունները բարեփոխումներ ոչ միայն չեն ապրել, այլ նաև ռեգրես են ապրել։ Մենք վերջին տարիներին տեսել ենք դեպքեր, երբ խոշտանգում կատարող օպերները ստացել են պաշտոնի բարձրացում, կոչման բարձրացում։ Ոստիկանության ղեկավարությունը խրախուսում է այսպիսի պահվածքը»,- պնդում է Իոաննիսյանը։ Ավելին, նա հատուկ միտում է տեսնում անցած տարվա հուլիսին ոստիկանապետ (այսօր ՆԳ նախարար) Վահե Ղազարյանի արձակած հրամանում, որով ոստիկանության բաժիններում առկա տեսախցիկները, որոնք միջազգային կառույցների միջնորդությամբ ու միջոցներով էին տեղադրվել, անջատվել են։ Թերևս դա արվել է հենց նման դեպքերը չֆիքսելու, ոստիկանների ձեռքերն ազատ արձակելու և նրանց սանձարձակությունների համար կանաչ լույս վառելու համար։

Անգամ միջազգային կառույցներն են անդրադարձել նման դեպքերին ու քննադատել ոստիկանության գործելաոճը։ Հետաքրքիր է, հաջորդ անգամ Հայաստանը ժողովրդավարության սանդղակում տեղադրելու ժամանակ այդ միջազգային կառույցները նման դեպքերը հաշվի կառնե՞ն, թե կշարունակեն թևեր տալ Փաշինյան Նիկոլին, որը իշխանության եկավ նաև ոստիկանության համակարգում անօրինությունները վերացնելու խոստումով։ Չէ, խելամիտ, բարձր գիտակցություն ունեցող քաղաքացիներս հենց սկզբից գիտեինք, որ Փաշինյանի բերանից որևէ ճշմարիտ խոսք երբևէ դուրս չի եկել, բայց հիմա թող նրա ընտրազանգվածը համոզվի, որ ոչ միայն բարեփոխումներ չեն իրականացվում, այլև Փաշինյան Նիկոլը երկիրը վերածել է ոստիկանապետության՝ ընդլայնելով համակարգը և բարձր աշխատավարձերով կաշառելով նրանց։

Եվ սա այն խունտան է, որը մասնավորապես Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության տարիներին զրպարտություններով ու ստերով փորձում էր տպավորություն ստեղծել, թե մենք բռնապետական երկրում ենք ապրում։ Բայց որևէ փաստաբան և անգամ որևէ սորոսական կազմակեպության ներկայացուցիչ չի հիշում նախկինում նման դեպք, երբ ոստիկանն այսքան արտոնյալ լիներ, որ կարողանար համարձակորեն փաստաբանների ծեծել՝ վստահ լինելով, որ ղեկավարության կողմից բարձր հովանավորության է արժանանալու և խուսափելու է պատասխանատվությունից։

Թագուհի Ասլանյան