Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնել իր կոճակ-պատգամավորներին հանձնարարել է նրանց տիրակալ, վարչապետ կոչեցյալը. Ավետիք Իշխանյան․ ArmLur.am

Ազգային ժողովում այսօր քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը: Գործընթացը նախաձեռնել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համոզված է՝ հեղինակն իրականում Նիկոլ Փաշինյանն է, իսկ ՔՊ-ականները հերթական անգամ հրահանգ են կատարում. «Պարզ է, որ Թագուհի Թովմասյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանինը չէ, ոչ էլ մեկ այլ ՔՊ-ականի։ ՔՊ-ականներից որևէ մեկն ինքնուրույն կարծիք, նախաձեռնություն ցուցաբերելու ո՛չ ընդունակ են, ո՛չ էլ համարձակություն ունեն։

Այս որոշումը կայացրել և իր կոճակ-պատգամավորներին հանձնարարել է նրանց տիրակալ, վարչապետ կոչեցյալը։ Ուղղակի Հովիկ Աղազարյանը հանձնարարականից հետո խանդավառված, ակտիվորեն պաշտպանել է իր տիրակալի հրահանգը և որպես պարգև, ստացել ստորագրահավաք կազմակերպելու «դժվարին» գործը։ Պատկերացնում եմ Հովիկ Աղազարյանի երջանկությունը, որ հերթական առիթ եղավ իր հավատարմությունը ցույց տալու և հաճոյանալու իր տիրակալին։ Իսկ վարչապետ կոչեցյալի որոշման պատճառը, կարծում եմ վրեժի զգացումն է։ Ինչպե՞ս կարելի է, որ իրեն ենթակա կառույցներից մեկի, տվյալ դեպքում՝ ԱԺ-ի պաշտոնյաներից մեկը, ոչ միայն իր հպատակը չլինի, այլև թույլ տա, որ իրեն քննադատեն և քննադատողին չլռեցնի ու չհայհոյի»-ասաց նա: