Օրինագիծն ընդամենը 10 տողից է․ իսկ կարդալու հարցում խորացողների համար ավելի առարկայական հարցադրում անեմ

«ՀայաՔվեի» հակաթեզերից մեկի համաձայն էլ՝ իբր ստորագրում են, բայց չեն կարդացել։ Նախ, օրինագիծն ընդամենը 10 տողից է, դրա տեքստը զետեղված է բոլոր հնարավոր տեղեկատվական աղբյուրներում։ Առանձնապես երկար շարադրանքի կարիք էլ չկա, եթե գաղափարն ընդամենը հանգում է հետևյալին՝ սահմանվում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ պետության կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա վտանգավորությունը նսեմացնելու համար։

Իսկ կարդալու հարցում խորացողների համար ավելի առարկայական հարցադրում անեմ՝ իսկ իշխանության եկած քաղաքական ուժի անասելի ծավալուն ծրագիրը, որում առնվազն իմպերատիվ արտացոլվել էր Արցախի անկախության պաշտպանությունը, կարդացե՞լ են կողմ քվեարկած մեր հայրենակիցները։ Պարադոքսն այն է, որ այս նախաձեռնությունը չի հակասում այդ ծրագրին, ինչպես նաև նույն այդ ուժի կողմից ԱԺ ներկայացված ծրագրին, իսկ գուցե դրանք կարճ ժամանակ անց, իրենց «խնդիրը լուծելուց» հետո, փոփոխությա՞ն են ենթարկվել։

Հ.Գ. Միայն առաջին 5 օրվա ընթացքում, երբ նախաձեռնող խումբը առավելապես զբաղված էր վարչական «խորամանկ» խոչընդոտների հաղթահարմամբ, ստորագրությամբ իրենց աջակցություն է հայտնել շուրջ 15 հազար մարդ, խորին շնորհակալությունս մեր այդ հայրենակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր պատրաստվում են ստորագրել, շնորհակալություն նաև անաչառ քննադատներին, որոնց հարցերը մենք անպատասխան չենք թողնում…

Իրավագիտության դոկտոր, Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից